Հայաստանում արտադրված շաքարն ինքնարժեքով ներմուծվածից էժան է: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը: Ըստ նրա, այդպիսի եզրակացության Հանձնաժողովը եկել է հերթական ուսումնասիրության արդյունքում:
Նա փաստեց, որ Հայաստան այսօր մեծ մասամբ ներմուծվում է ոչ թե շաքար, այլ շաքարեղեգ, որը վերամշակվում է երկրի ներսում: «Իհարկե, մեկ-երկու ընկերութուն պատրաստի շաքար է ներմուծում սեփական կարիքների համար` «Coca Cola»-ն, «Գրանդ Քենդին», բայց լայն շուկայի համար շաքար է արտադրում «Ալեքս-Գրիգը», երկրի ներսում», - նշեց Շաբոյանը:
Փաստերի իսկությունը պարզելու համար Հանձնաժողովը չէր ստուգել արտադրությունը, սակայն մանրամասն կերպով վեր է լուծել մաքսային վիճակագրությունը եւ ընկերությունից ստացել տեղեկատվություն:
Այն հարցին, թե գործնականում արդյոք հնարավո՞ր է ապրանք ներմուծել ոչ հավաստի ԱՏԳ ծածկագրով, Շաբոյանը պատասխանեց, որ սա միարժեք բացառվում է, ավելին` տնտեսապես աննպատակահարմար է:
«Մենք որոշեցինք ստուգել, ինչն է ավելի ձեռնտու` տեղում արտադրելը թե ներմուծելը: Մեր ուսումնասիրությունը փաստում է, որ ինքնարժեքով ավելի ցածր է առաջինը, տարբերություն կա: Սա ապացուցում են նաեւ գործարանի աշխատանքի ծավալները. այն ողջ տարին չի աշխատում, բայց ծածկում է հանրապետության ողջ պահանջարկը», - ասաց Շաբոյանը:
Նշենք, «Ալեքս-Գրիգ» ընկերության սեփականատերն է հայտնի գործարար եւ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը:



























