Վլադիմիր Պուտինի կողմից Ղրիմի գրավումը լուրջ մարտահրավեր է գոյություն ունեցող համաշխարհային կարգուկանոնին: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն՝ The Financial Times-ին տված հարցազրույցում:

«Այն, ինչ հիմա տեղի է ունենում ռուս-ուկրաինական սահմանին, դա Ուկրաինայի խնդիրը չէ, այլ աշխարհաքաղաքական կայունության փլուզման խնդիրն է: Պուտինը ցույց է տալիս, որ ագրեսիայի միջոցով կարելի է անպատիժ փոխել սահմանները: Իր ագրեսիվ գործողություններով նա ցույց է տալիս, որ միջազգային կազմակերպությունները չեն աշխատում, միջազգային իրավունքը չի աշխատում եւ նույնիսկ համաձայնագրերը չեն գործում»,-ասել է Տիմոշենկոն:

Նա խոստովանել է, որ քիչ է հավատում Ռուսաստանի հետ հակամարտության դիվանագիտական կարգավորմանը: «Մոսկվայի կողմից առաջ քաշված ռազմական չեզոքության եւ դաշնային համակարգի անցնելու վերաբերյալ պահանջները «նեոգաղութացման մենյու» են: Այդ մենյուն առաջարկել Ուկրաինային եւ, Աստված չանի, իրականացնել դրանք, անկախ ու ինքնիշխան Ուկրաինայի եւ այլ նախկին խորհրդային երկրների փլուզման ուղիղ ճանապարհ է»,-ընդգծել է նախկին վարչապետը:

Նրա խոսքով՝ Ռուսաստանի կողմից հետագա ագրեսիան կանխելու համար, Արեւմուտքը պետք է ոչ միայն ուկրաինական բանակին քնապարկեր ու ուտելիք մատակարարի, այլեւ ռազմատեխնիկական աջակցություն ցուցաբերի: «Ողջ աշխարհը պետք է զգալիորեն ուժեղացնի ուկրաինական բանակը, ոչ թե հանուն պատերազմի, այլ որպես կայունության ապահովման եւ զսպման միջոց»,-կոչ է արել Տիմոշենկոն, հաղորդում է «ՈվրոՍՄԻ»-ն:

«Եթե Արեւմուտքը Ռուսաստանի նկատմամբ խիստ պատժամիջոցներ կիրառի, ապա ԵՄ-ն եւ ԱՄՆ-ն, անկասկած, ինչ-որ վնասներ կկրեն, սակայն ես կոչ եմ անում Արեւմուտքին գնալ այդ կորուստներին, որովհետեւ եթե դա տեղի չունենա, մենք ավելի լուրջ խնդիրներ կունենք, որոնք կպահանջեն էլ ավելի արմատական ու լուրջ միջոցառումներ»,-ընդգծել է Տիմոշենկոն:
Հիշեցնենք, որ մարտի 29-ին «Բատկիվշչինա» կուսակցության համագումարը որոշել է նախագահական ընտրություններում առաջադրել Տիմոշենկոյի թեկնածությունը: Նախորդ շաբաթ անցկացված հարցումներով, Տիմոշենկոյի վարկանիշը կազմում է ընդամենը 8,2 տոկոս: