Հայաստանի կառավարությունը 2006-ի փետրվարի 16-ի հատուկ որոշմամբ ապրիլի 1–ը ճանաչել է որպես Հումորի եւ երգիծանքի օր: Բայց այն ավանդաբար ընկալվում է նաեւ իբրեւ «խաբելու օր»: NEWS.am-ի տոնի կապակցությամբ զանգահարել է մի շարք պատգամավորների՝ փորձելով պարզել օրվա ճշմարտությունը, իրենց մասին տարածված ամենաճիշտ սուտը եւ թե ով է ըստ իրենց ամենահումորով պատգամավորը:
Այսպես, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը կարծում է, որ իր մասին հատուկ ստեր չեն տարածվել, «միգուցե փորձել են տարբեր պիտակներ կպցնել, բայց դա արդեն մարդու անձնական վերաբերմունքն է, որը միշտ չէ, որ ճիշտ է»: Ամենասուտասան գործչին նա համարում է Կառավարության անդամներին, ովքեր մեծ-մեծ խոստումներ են տալիս, իսկ ամենահումորով պատգամավորը, ՀԱԿ պատգամավորի կարծիքով, ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն է: «Նրա ամեն խոսքը ոչ թե տրամաբանության հետ է կապված, այլ հումորի, անելանելի վիճակներում նա աշխատում է դիմել երբեմն շատ տափակ հումորների եւ ըստ իրեն դրությունը այդպես փրկում է»: Ի լուր ԱԺ-ի Լյուդմիլա Սարգսյանը հայտարարեց օրվա ճշմարտությունը, այն է՝ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը վերադարձել է:
Իսկ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանի համար օրվա ճշմարտությունն այն է, որ ՍԴ-ն կկասեցնի պարտադիր կուտակայինի մասին օրենքը: Իր մասին տարածված ամենաճիշտ սուտը նա համարում է իր՝ իշխանության ներկայացուցիչ լինելու մասին լուրերը: Դիտարկմանը, թե միգուցե դա այդքան էլ սուտ չէ, պատգամավորը հիշեց իր ղարաբաղյան արմատները եւ հավելեց, որ եթե այդպես լիներ, ինքը վաղուց բարձր պաշտոն կունենար: Նրա համար ամենահումորով պատգամավորը ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանն է:
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանը նշեց, որ ուշագրավ է, որ ՍԴ-ի որոշումը կուտակայինի մասով ընկավ ապրիլի 1-ին, եւ ՍԴ-ն խոհեմաբար այսօր վճիռը չի հրապարակի, որ բոլորը հավատան: Հարցին, թե գործի բերումով հաճախ ստիպված եք ստել, ամբիոնից դժվա՞ր է ստելը, նա պատասխանեց. «Ինձ համար, այո, դժվար է ստելը»: Նրա կարծիքով՝ Աժ բոլոր պատգամավորներն էլ շատ հումորով են, մանավանդ՝ ՀՀԿ-ի պատգամավորները: Ինչ վերաբերում է իր մասին տարածված «ամենաճիշտ» ստինը, Լեւոն Մարտիրոսյանն ասաց, որ վերջերս իր եւ իր գործընկերների մասին սկսեցին նորից գրել, թե «ժելեած մազերով են», մինչդեռ ինքը նույնիսկ չգիտի՝ «ժելեն» որ մեկն է, որ քսի մազերին, եւ առհասարակ՝ որեւէ բան իր մազերին չի քսում:
Ում համար հումորի, երգիծանքի եւ «խաբելու» օր, իսկ ում համար տարեդարձ: Այսօր ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արթուր Գեւորգյանը դառնում է 39 տարեկան, ինչպես ինքն է ասում՝ «դե փորձեք չհավատալ»: Ապրիլի 1-ին ծնվելը, պատգամավորի կարծիքով, ազդել է իր վրա ոչ թե խաբելու կամ սուտ ասելու առումով, այլ լավ տրամադրություն ստեղծելու եւ միջավայրում դրական էներգիա տարածելու տեսանկյունից: «Իմ պարագայում ամենադժվար բանը քաղաքական ասպարեզում ստելն է»,- ասաց պատգամավորը: Հարցին, թե հավատում են, որ այսօր ձեր տարեդարձն է եւ եղել է, որ օրվա խորհրդին համահունչ նվերներ բերեն կամ խաբեն ու նվեր չբերեն, Արթուր Գեւորգյանն ասաց, որ իհարկե, հավատում են, քանի որ իրեն ճանաչում են, իսկ նվերի ակնկալիք չունի, որ հետո հասկանա՝ ով է խաբել, ով չի խաբել: Հոբելյար պատգամավորի կարծիքով՝ ԱԺ ամենահումորով պատգամավորը Լեւոն Մարտիրոսյանն է:



























