Ուկրաինայի «Սվոբոդա» կուսակցությունը առաջարկում է ուկրաինական բանակը զինել «հակապուտինյան կոալիցիայի» սկզբունքով: Այս մասին խորհրդարանում  հայտարարել է «Սվոբոդայի» առաջնորդ Օլեգ Տյագնիբոկը:

Նա նշել է, որ «Սվոբոդան»  ԱԳՆ-ին առաջարկում է դիմել Ուկրաինայի անվտանգության երաշխավոր երկրներին, մասնավորապես՝ Մեծ Բրիտանիային եւ ԱՄՆ-ին՝ երկկողմ համաձայնագիր ստորագրելու համար:

«Այդ համաձայնագրերը թույլ կտան մեծացնել մեր պետության պաշտպանունակությունը», - ասել է նա:

«Սվոբոդան» նաեւ առաջարկում է դիմել ԱՄՆ-ի Կոնգրեսին՝ «հակապուտինյան կոալիցիայի»  ձեւաչափում Ռուզվելտի առաջարկած սկզբունքը վերածնելու համար, որի համաձայն՝  երկիրը, որին սպառնում է ագրեսորը եւ որը բավական ֆինանս չունի զինվելու համար, կարող է այդ միջոցները փոխառել այլ երկրներից՝ հետո վերադարձնելու պայմանով»,- ասել է նա: