Ուկրաինայի Գերագույն Ռադան հավանություն է տվել Ուկրաինայի նախագահի պաշտոնակատարի որոշմանը՝ այլ երկրների զինված ուժերին զորավարժություններ անցկացնելու համար երկիր մուտք գործելու թույլտվության մասին:
Կողմ են քվեարկել 235 պատգամավորներ, հայտնում է ՈՒՆՆ-ն:
Նախագահի պաշտոնակատարի խորհրդական Ալեքսանդր Կուզմուկը հայտնել է, որ զորավարժություններին կմասնակցեն 17 երկրների մինչեւ 7 հազար զինվորներ: Մայիսից նոյեմբեր ընկած ժամանակահատվածում Ուկրաինայում գտնվելու թույլտվություն է տրվում լեհաստանցի 10 զինծառայողների:
Առաջարկվում է նաեւ Ուկրաինա թույլատրել ԱՄՆ-ից եւ ՆԱՏՕ-ի այլ երկրներից մինչեւ հազար զինվորների, ինչպես նաեւ՝ մինչեւ 5 օդանավերի եւ 10 ուղղաթիռների առկայությունը: Առաջարկվում է այս զինվորների ներկայությունը թույլատրել 25 օրով՝ հունիս-սեպտեմբերին Rapid training -2014 զորավարժություններին մասնակցելու համար:
Նաեւ նախատեսվում է 7-օրյա ժամկետով թույլատրել Մոլդովայից եւ Ռումինիայից մինչեւ 200 զինծառայողների մուտքը՝ մեքենայացված «Յուգ-2014» ստորաբաժանումների ուսումնավարժանքներին մասնակցելու համար:
Ուկրաինայի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Միխայիլ Կովալը նշել է, որ զորավարժությունների ծախսերը հաշվի են առնվել 2014թ. բյուջեով:




























