ԵՊՀ մի խումբ դասախոսներ նամակ են ուղարկել NEWS.am-ի խմբագրություն՝ հայտնելով, թե ԵՊՀ աշխատակազմի ղեկավար Ալիկ Ղարիբյանը որոշել է բուհի անվտանգության ծառայությունն իրենով անել: Նրանց նամակում, մասնավորապես, ասվում է հետեւյալը. «Այժմ էլ Ալիկ Ղարիբյանը, չբավարարվելով ԵՊՀ յուրացման իր ծավալից, որոշել է ԲՈՒՀ-ի անվտանգության ծառայությունը իրենով անել: Հավաստի աղբյուրների փոխանցմամբ՝ Ալիկ Ղարիբյանը որոշել է ԲՈՒՀ- անվտանգության ծառայությունը հանձնել մասնավոր թիկնապահական ընկերության, որի արդյունքում ավելի քան 30 աշխատակիցներ դուրս են մնալու, իսկ տենդերի կազմակերպումը եւ հատկապես կոնկրետ թիկնապահական ընկերության ընտրությունը բացառապես պայմանավորված է լինելու Ալիկ Ղարիբյանի եւ տվյալ ընկերության հարաբերություններով եւ հետագայում ատկատների հստակ ծավալներով: Այլ կերպ ասած, ով ավելի շատ ատկատ տա Ալիկին, նա էլ կհաղթի տենդերում եւ «կապահովի» ԵՊՀ- ի անվտանգությունը: Փաստորեն, անվտանգության ծառայությունը նույնպես վերածվելու է Ալիկ Ղարիբյանի` ԵՊՀ-ի հաշվին հարստանալու միջոցներից մեկը»,- ասված է մտահոգ անանուն դասախոսների նամակում:
Իսկ Ալիկ Ղարիբյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ սա հերթական սադրանքն է իր դեմ, իսկ իրականությունը հետեւյալն է: Նրանք ցանկանում են ԵՊՀ-ի անվտանգության համակարգում եղած թերությունները շտկել, անցկացվելու է մրցույթ` ԵՊՀ անվտանգությունն ապահովող կազմակերպություն ընտրելու համար, բայց իրենց աշխատակիցներից որեւէ մեկին չեն ազատելու աշխատանքից, այլ ընդամենը պատրաստվում են վերապատրաստել նրանց, բարձրացնել նրանց ունակությունները:
«Իմ դեմ սադրանք կազմակերպելու նպատակով այդ աշխատակիցների մեջ նման տեղեկատվություն է տարածվում, որեւէ մեկին աշխատանքից չենք ազատելու, բոլորն են մնալու են: Պարզապես մենք չենք ուզում ունենալ այնպիսի պահակներ, ովքեր քնելու են պահակակետում եւ կոմպետենտ չեն այդ աշխատանքի համար, նախադեպեր ունենք բուհական մասնաշենքեր պատահական անձանց մուտքը թույլ տալու, գողերի ներթափանցման, վնասարարության վերաբերյալ, ինչն էլ ստիպել է ԵՊՀ ղեկավարությանը մտածել անվտանգության որակը բարձրացնելու խնդրի մասին»,- նշեց աշխատակազմի ղեկավարը:


























