Այն տպավորությունն է, թե Ղրիմի հարցն այլեւս չի դրվում, եւ Օբաման Պուտինին թույլ է տալիս փոխել բանակցությունների թեման՝ կենտրոնանալով այն հարցի վրա, թե արդյոք Ռուսաստանը կներխուժի Ուկրաինայի այլ տարածքներ, գրում է ռուսաստանցի քաղաքական գործիչ Գարի Կասպարովը Time-ի հոդվածում, հայտնում է «Ցենզորը»:
Մեկ ամիս առաջ արեւմտյան շատ փորձագետներ խորհուրդ էին տալիս Պուտինին առաջարկել Ղրիմից «նահանջել առանց դեմքը կորցնելու»: Կասպարովն առարկում է. «Պուտինն ընդհանրապես հետաքրքրված չէր նահանջով, իսկ հիմա, երեւում է, ինքն է նույն մարտավարությունը կիրառում Օբամայի եւ Արեւմուտքի նկատմամբ՝ առաջարկելով «նահանջել առանց դեմքը կորցնելու»: ԱՄՆ-ն եւ Եվրոպան իրենց հաջողության մասին կազդարարեն, եթե Պուտինը չշարունակի ներխուժումը, իսկ Մոսկվան առանց մարտի պահպանի Ղրիմը:
«Բանակցությունները, որոնցում որպես գրավ առաջարկվում է այլ պետության տարածքը, երկար տարիների ավանդույթ ունեն: Ամենաակնհայտ օրինակն այն էր, երբ 1938թ. Հիտլերը մեծահոգաբար համաձայնեց չգրավել ամբողջ Չեխոսլովակիան՝ փոխարենը ստանալով Սուդետի մարզը՝ առանց Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի կողմից բողոքների»,- գրում է հեղինակը:
Հարկավոր է շարունակել Պուտինի դեմ ճնշումները, վստահ է Կասպարովը: Այլապես 1938թ. Չեխոսլովակիայի նման Ուկրաինայի իշխանությունների դերը կնվազեցվի «տեղային անզգայացմամբ հիվանդի դերի, որը անօգնական հայացքով նայում է, թե ինչպես են վիրաբույժները իրեն մաս-մաս անում»:
Կասպարովը վստահ է. Պուտինը մշտապես կգրավի այն ամենը, ինչը կարող է անել առանց մեծ դիմադրության, եւ կշարունակի ապակայունացնել Ուկրաինայի քաղաքական եւ տնտեսական իրավիճակը: Ծրագիրը շատ հնարավոր է հաջողվի, եթե Արեւմուտքը Ուկրաինային ձեռք չմեկնի:
Կասպարովը խորհուրդ է տալիս Պուտինին տեղեկացնել. «Ուկրաինայի սահմանը կրկին հատելու դեպքում» անհապաղ կսառեցվեն Արեւմուտքում Ռուսաստանի եւ ռուսաստանցիների բոլոր ակտիվները: Հեղինակը նաեւ խորհուրդ է տալիս խստացնել «պուտինյան օլիգարխների եւ արտասահմանում գտնվող նրանց հարազատների» նկատմամբ պատժամիջոցները: Այդ ժամանակ Պուտինը ստիպված կլինի ընտրություն կատարել Ղրիմից հրաժարվելու կամ այն անձանց հետ վիճելու միջեւ, որոնց վրա հենված է իր իշխանությունը: «Նա կընտրի առաջինը, եւ դա տեղի կունենա այն ժամանակ, երբ Արեւմուտքը հասկանա՝ Պուտինին չի կարելի համոզել. նրա վրա միայն կարելի է ճնշում գործադրել», - ասված է հոդվածում:
Այլընտրանքը տխուր է. եթե Պուտինին թույլատրեն պահել Ղրիմը, Ռուսաստանում նրա իշխանությունը կամրապնդվի, իսկ տարածաշրջանում նա սպառնալիք կմնա:
«Թող Օբաման հրապարակավ հայտարարի, որ Ուկրաինայի ինքնիշխան տարածքի, այդ թվում Ղրիմի շուրջ բանակցություններ չեն կարող լինել», - խորհուրդ է տալիս Կասպարովը:



























