Սոցիալական ապահովության պետական ծառայության նախին պետ Վազգեն Խաչիկյանի եւ ծառայության 12 աշխատակիցների դեմ գործի քննությանը Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ ապրիլի 1-ին, մեղադրյալ Հովհաննես Գրիգորյանի պաշտպան Արա Զաքարյանը դատավոր Արշակ Վարդանյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց:
Հիշեցենեք, որ գործը քննող դատավոր Մեսրոպ Մակյանը փետրվարի 27-ին ինքնաբացարկ էր հայտնել՝ նշելով, որ Վազգեն Խաչիկյանն իր համակուրսեցին է եղել, եւ բուհն ավարտելուց հետո շարունակել են շփվել միմյանց հետ, հետեւաբար, ինքը չի կարող անաչառ չի կարող գործըտ վարել։ Այժմ գործը գտնվում է Արշակ Վարդանյանի վարույթում:
Պաշտպան Արա Զաքարյանը դատավոր Արշակ Վարդանյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելիս նշեց, որ նա իր պարտավորությունները պատշաճ չի կատարել, ինչն էլ վկայում է այն մասին, որ չի կարող գործն արդար և անկողմնակալ քննել: Պաշտպանը նաև նշեց, որ սահմանված կարգի համաձայն դատավորը գործը վարույթ ընդունելուց հետո չի հետազոտել գործի նյութերն ու դրանցում առկա ապացույցները: Փաստաբանի խոսքով՝ դատավորը կողմնակալություն է ցուցաբերել՝ մերժելով գրավի դիմաց իր պաշտպանյալին ազատ արձակելու միջնորդությունը:
«Իմ պաշտպանյալը մեկուկես տարի է՝ կալանքի տակ է: Դուք մերժել եք կալանքը վերացնելու իմ միջնորդությունը՝ որոշման մեջ նշելով, որ նա կազմակերպված խմբի հետ հանցագործություն է կատարել և ազատության մեջ գտնվելով՝ կխուսափի վարույթն իրականացնող մարմնից: Այդ տրամաբանությամբ դուք կամ բոլորին պետք է կալանավորեիք, կամ պետք է բոլորին ազատեիք, քանի որ բոլոր ամբաստանյալներին գրեթե նույն մեղադրանքն է առաջադրված: Բայց ձեր որոշման հիման վրա մի մասը ազատության մեջ են, մի մասը գտնվում են կալանքի տակ»,- միջնորդության հիմքերը ներկայացնելիս ասաց պաշտպան Արա Զաքարյանը:
Նա նշեց, որ իր պաշտպանյալը վատառողջ է, նրա խնամքին է հաշմանդամ հայրը, ինչը և նվազեցնում է այն մտավախությունը, որ նա կարող էր քննությունից խուսափել:
Դատարանը միջնորդությունը մերժեց՝ նշելով, որ այն անհիմն է: Դատավորը հայտարարեց, որ որոշումը բողոքարկման ենթակա չէ:
Այսօր նաեւ հայտնի դարձավ, որ մեղադրյալներ Արմեն Խաչատրյանը և Բագրատ Մուրադյանն այսուհետեւ նոր հանրային պաշտպան կունենան՝ Աննա Ջիվանովան:
Հիշեցնենք, ըստ մեղադրանքի, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանը ծառայության մի շարք պաշտոնատար եւ պատասխանատու անձանց հետ կազմակերպված խմբով 2006–2010թթ. ընկած ժամանակահատվածում, օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը յուրացրել են ընդհանուր առմամբ ՝ 260.956.681 դրամի կենսաթոշակ։ Բացի այդ, ըստ մեղադրանքի, Վազգեն Խաչիկյանը խարդախությամբ հափշտակել է պետական բյուջե վերականգնման ենթակա, առանձնապես խոշոր չափերի` 29.000.000 ՀՀ դրամ գումար: Վազգեն Խաչիկյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:



























