Էկոնոմիկայի նախարարության կողմից օտարերկրյա ներդրողներին պատշաճ չեն ներկայացվել հայկական շուկայի առավելությունները: Այս մասին նշված է մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի՝ 2013թ. տարեկան զեկույցի էկոնոմիկայի նախարարությանը վերաբերող հատվածում:

Զեկույցում արձանագրվել են թե թերությունները, թե ձեռքբերումները:

Ոլորտում առկա թերություններն ու խնդիրները

• Նախարարությունը չի ապահովել բավարար պայմաններ արտահանող գործարարների համար, ինչպես օրինակ՝ ձեւական պահանջների նվազեցում, օտարերկրյա շուկաների հասանելիության ապահովում:

• Օտարերկրյա ներդրողներին պատշաճ չեն ներկայացվել տեղական շուկայի առավելություններն ու ձեռքբերումները, ինչպիսիք են օրինակ բիզնեսը սկսելու եւ անշարժ գույքի գրանցման հեշտացված գործընթացները, օտարերկրյա ներդրողների համար ոչ խտրական պայմանները:

• Չեն իրականացվել բավարար միջոցառումներ տնտեսության ավանդական ոլորտների զարգացումն ապահովելու ուղղությամբ, ինչը հանգեցնում է նրանց աստիճանաբար վերացմանը (օրինակ՝ ժամագործություն, թեթեւ արդյունաբերություն, ոսկեգործություն եւ այլն):

• Դեռեւս չի ստեղծվել սպառողների շահերի պաշտպանությամբ զբաղվող եւ ոլորտի նկատմամբ արդյունավետ հսկողություն իրականացնող միասնական պետական մարմին, ինչի արդյունքում բավարար պաշտպանված չեն եղել սպառողների իրավունքներն ու շահերը:

• Առկա թերի օրենքները, ինչպես նաեւ անհամաչափ բարձր հարկերը խոչընդոտում են փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացմանը:

Հիմնավորումներն ու մանրամասները՝ այստեղ

Արձանագրված դրական զարգացումները

• Նախարարության կողմից մշակվել է «Աջակցություն փոքր եւ միջին ձեռնարկատիրության սուբյեկտներին» 2013 թվականի ծրագիրը, ինչպես նաեւ «Աջակցություն փոքր եւ միջին ձեռնարկատիրության սուբյեկտներին» 2014 թվականի ծրագիրը, որը հաստատվել է ՀՀ կառավարության 26.12.2013թ. N1511-Ն որոշմամբ:

• Զբոսաշրջության զարգացման բնագավառում Նախարարության կողմից իրականացվել են մի շարք միջոցառումներ:

• Սպառողների լայն շրջանակի իրազեկվածության ապահովման նպատակով նախարարության կողմից Երեւանում եւ մարզերում  կազմակերպվել են հանդիպում-սեմինարներ՝ շահագրգիռ թիրախ խմբերի ներկայացուցիչների, այդ թվում նաեւ Հայաստանում գործող սպառողների շահերը պաշտպանող հասարակական կազմակերպությունների հետ: