Արմավիրի մարզի բոլոր գյուղերում, որտեղ ծիրանը, սալորը եւ մյուս բերքատեսակները ծաղկել էին, վնասվել են ցրտահարության պատճառով: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը:
Իսկ այն պտղատեսակները, որոնք դեռ չէին ծաղկել, հայտնի չէ՝ վնասվել են, թե ոչ: «Մինչեւ մեկ շաբաթ չանցնի, տաք չլինի, պարզ չի լինի՝ դրանք վնասվել են, թե ոչ, այսպես որեւէ մեկը որեւէ բան չի կարող ասել»,- ասաց Աշոտ Ղահրամանյանը:
Մարզպետն ասաց, որ ամենօրյա կապի մեջ են գյուղնախարարության աշխատակիցների, համայնքների ղեկավարների հետ, այցելում են գյուղեր, փորձում են ուսումնասիրել վնասների չափերը, որպեսզի մինչեւ շաբաթվա վերջ պատկեր ունենան, իսկ մյուս շաբաթ ներկայացնեն վնասի չափը: «Այժմ մեր գլխավոր խնդիրը ջերմոցներում եղած բերքը եւ սածիլը պահպանելն է»,- նշեց նա:
Հարցին, թե Սյունիքի մարզպետ իր անձնական միջոցներից գումար է հատկացնելու գյուղացիներին, պատրաստվում է հետեւել նրա օրինակին, նա պատասխանեց. «Սյունիքի մարզպետ միջոցնե՞ր ունի, կարո՞ղ է իր հոր միջոցներից է, իր հոր գործարանից է, թե չէ այդպիսի միջոցներ որեւէ մարզպետարան չունի: Թող մի քանի օր անցնի, տեսնենք, մենք էլ կփորձենք այլ մոտեցում ցուցաբերել: Մարզպետարանը բյուջեի վրա նստած, դոտացիայով հիմնարկ է, որտեղի՞ց այդպիսի միջոցներ»
Աշոտ Ղահրամանյանն ասաց, որ իրենց մարզում վնասներն անհամեմատ շատ են եւ մեծ գումարներ են անհրաժեշտ լինելու գյուղացիներին օգնելու համար, իսկ «ինքը այդպիսի միջոցներ չունի, որտեղի՞ց ունենա»
Նշենք, որ «Հրապարակը» գրել էր, որ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը որոշել է «երկուսը մեկում անել», սեփական միջոցների հաշվին երկու հարյուր տոննա գարու սերմնացուի հիսուն տոկոսը՝ մոտ 20 միլիոն դրամի չափով, փոխհատուցել այն տնտեսություններին, որոնք նախորդ տարվա գարու սերմնացուի դիմաց արդեն իսկ վճարել են, որպեսզի համ պետությունը շահի, համ գյուղացին։ «Մնում է, որ հիմա էլ կարկուտը ծեծած տեղը չծեծի»,–գրում է թերթը։



























