Ցրտահարությունների պատճառած վնասի չափերը ճշտվում են: Այս մասին նշվել է այսօր՝ ապրիլի 1-ին, ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի Արարատի մարզ այցելության ընթացքում: Նրա հետ միասին Արարատի մարզ են այցելել նաեւ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, ԱԻ փոխնախարար Հայկարամ Մխիթարյանը:

Նրանք ծանոթացել են վերջին օրերին եղանակային կտրուկ փոփոխությունների հետեւանքով ստեղծված իրավիճակին, ինչպես նաեւ մարզում իրականացվող հակակարկտային միջոցառումներին:

Փոխվարչապետը նախ այցելել է Արմաշ համայնք, որտեղ համայնքապետարանում մարզպետ Արամայիս Գրիգորյանի, Արմաշի եւ շրջակա մյուս համայնքների ղեկավարների մասնակցությամբ խորհրդակցություն անցկացրեց: Համայնքների ղեկավարները ներկայացրեցին ցրտահարությունների հետեւանքով ստեղծված իրավիճակը, նշվեց, որ համայնքներին վնաս է պատճառել նաեւ ուժեղ քամին:

Քննարկվեցին ցրտահարության հետեւանքները մեղմելու հնարավորությունները` մասնավորապես բանջարաբոստանային կուլտուրաների ցանքատարածությունները ավելացնելու եւ այլ միջոցներով: Ինչպես համայնքների ղեկավարները, այնպես էլ բնակիչները փոխվարչապետի եւ նախարարի հետ հանդիպմանը բարձրացրեցին ստանձնած վարկային պարտավորությունների, սերմացուի, ոռոգման ջրի անհրաժեշտ պահանջարկի բավարարման հետ կապված եւ այլ հարցեր:Կարեւորվեց նաեւ հակակարկտային միջոցառումների իրականացումը:

Փոխվարչապետը տեղեկացրեց, որ առաջիկա օրերին մարզում կտեղակայվի 18 հակակարկտային կայանք, որից 7-ը` միայն Արմաշ համայնքի տարածքում: Սա հնարավորություն կտա էապես նվազեցնել կարկտահարության վտանգը, քննարկվում է նաեւ հակակարկտային կայանքների երկրորդ գոտին ունենալու հնարավորությունը: Կքննարկվեն նաեւ քամու հետեւանքով վնասված շենք-շինությունների վերանորոգմանն աջակցելու մեխանիզմները:

Այնուհետեւ Արարատի մարզպետարանում կայացած հանդիպմանը, որին մասնակցում էին համայնքապետներ, Գյուղացիական աջակցության մարզային կենտրոնների (ԳԱՄԿ), ջրօգտագործողների ընկերությունների (ՋՕԸ-երի) ղեկավարներ, փոխվարչապետն անդրադարձավ ստեղծված իրավիճակին, հետագա անելիքներին եւ համայնքներում բարձրացված մտահոգություններին:

«Առաջին մտահոգությունը կապված է գյուղացիական տնտեսությունների ստանձնած վարկային պարտավորությունների հետ: Նմանատիպ խնդիր անցած տարի առաջացել էր Արմավիրի մարզում կարկտահարությունից տուժած համայնքներում, որտեղ հնարավոր եղավ հնարավորինս փոխընդունելի լուծումներ գտնել:

Մենք կառաջարկենք, որպեսզի վարկային կազմակերպությունները նմանատիպ գործընթաց նախաձեռնեն նաեւ հիմա: Մյուս ուղղությունը ցրտահարության հետեւանքների մեղմումն ու այգիների համար համապատասխան խնամքի` պարարտացման, ոռոգման ապահովումն է` հաջորդ տարիներին նորմալ բերք ունենալու համար»,-նշեց նա:

Փոխվարչապետը տեղեկացրեց նաեւ, որ Ջրային տնտեսության պետական կոմիտեին հանձնարարվել է գարնանային սելավային ջրերը ինքնահոս համակարգերի միջոցով հասանելի դարձնել գյուղացիական տնտեսություններին: Նա նաեւ տեղեկություններ ներկայացրեց Վեդիի ջրամբարի կառուցման ծրագրի մասին:

Նախարար Ս. Կարապետյանն անդրադառնալով վնասի ծավալներին` տեղեկացրեց, որ դրանք ճշգրտվում են, եւ վնասի հստակ չափը հայտնի կլինի առաջիկա օրերին: Գյուղնախարարությունը, ըստ նրա, ներկայումս գյուղացիական տնտեսությունների համար ցրտահարության հետեւանքները մեղմելու ուղղությամբ է աշխատանքներ իրականացնում: Նախարարությունը մասնավորապես աշխատում է սերմ ներկրող ընկերությունների հետ` տնտեսություններին բանջարաբոստանային կուլտուրաների որակյալ սերմացուով ապահովելու համար:

Ներկրվել են նաեւ գարնանացան գարու եւ կերային այլ կուլտուրաների սերմեր: Նախարարը կարեւորեց ցանքատարածությունների ավելացումը եւ այլ կուլտուրաների մշակումը: Նա միաժամանակ տեղեկացրեց, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ են բավարարել նաեւ հողօգտագործողներին մատչելի գնով տրվող պարարտանյութի եւ դիզվառելիքի լրացուցիչ պահանջարկը, ինչպես նաեւ նշեց, որ կառավարությունն ավելի արդյունավետ պայքար է մղելու մարզում առկա «կարտոֆիլի եւ լոլիկի ցեց» կոչվող վնասատուի դեմ:

Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ առաջիկա օրերին համայնքապետները կհաշվարկեն սերմացուի պահանջարկը եւ դրանց տեսակների ու ծավալների վերաբերյալ տեղեկատվություն կներկայացնեն մարզպետարան: Փոխվարչապետն ու գյուղնախարարն այնուհետեւ պատասխանեցին ներկաների հարցերին: