Ազգային ժողովի «ԲՀԿ» խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանի հայտարարած բարիկադների մասին չորս ոչ իշխանական ուժերը քննարկում չեն ունեցել: Այս մասին այսօր` ապրիլի 1-ին, ԱԺ-ում քառյակի հանդիպումից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

«Սա «Բարգավաճ Հայաստանի» տեսակետն է, քառյակում այսպիսի բան չի քննարկվել: Երբ որ կքննարկենք, ժողովրդին էլ կբացատրենք, թե ինչպես ենք պատկերացնում ստեղծված իրավիճակում, երբ ավարտվի ամեն ինչ եւ որեւէ հնարավորություն չի մնա, այո կարելի է մտածել նաեւ բարիկադներ ստեղծելու մասին: Բայց քանի որ նման բան չի եղել դեռ, այսպիսի քննարկում չի եղել»,- ասաց նա:

Լրագրողների հարցին` արդյոք ՀՅԴ-ն պատրա՞ստ է բարիկադների, Արմեն Ռուստամյանը բարկացավ. «Պատրաստ ենք դրան թե ոչ: Այնպես եք հարցնում, ոնց որ իրանք արել են, մենք ուշացել ենք, բարիկադ կա փողոցում: Նորից եմ ասում, թե համաձայնություններն ինչի շուրջ են եղել»:

Հիշեցնենք, որ մարտի 28-ին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ԲՀԿ-ական պատգամավոր Վահան Բաբայանը հայտարարել էր, թե իրենք պատրաստվում են փողոցում պայքարել, բարիկադներ կառուցել: