Այս տարվա սկզբից Ռուսաստանում այլատյացության եւ ազգային թշնամանքի հողի վրա կատարված հարձակումների հետեւանքով տուժել է 29 մարդ, որոնցից 7-ը մահացել է: Միայն մարտին ուլրաաջերի հարձակումներից տուժել է առնվազն 13 մարդ Մոսկվայում, Մոսկվայի եւ Իրկուտսկի մարզերում:

Իրավապաշտպան «Սովա» կազմակերպության տվյալներով՝ անցած ամսվա ընթացքում աջ արմատականները երեք անգամ «մաքրում» են իրականացրել մետրոյի վագոններում՝ ծեծելով «ոչ ռուսներին», հաղորդում է NEWSru.com-ը:

Իրավապաշտպանների խոսքով՝ ազգայնականների հարձակումները տեղի են ունեցել Մոսկվայում, Մոսկվայի մարզում, Սանկտ Պետերբուրգում, Վլադիմիրի, Իրկուտսկի եւ Սախալինի մարզերում, Կարելիայի Հանրապետությունում եւ Թաթարստանում, Պերմի երկրամասում:

Հաղորդագրությունում նշվում է, որ վիճակագրության մեջ ներառված չեն Հյուսիսային Կովկասում տեղի ունեցած միջադեպերը:

Բացի այդ, նախորդ ամիս տեղի են ունեցել 6 վանդալիզմի ակտեր՝ կապված նեոնացիստական հայացքների հետ: Ընդհանուր առմամբ՝ տարվա սկզբից նմանատիպ առնվազն 12 դեպք է գրանցվել:

Իրավապաշտպանները նշում են, որ ուլտրաաջերը աշխուժացել են Ուկրաինայի դեպքերի եւ Ղրիմի միացմամբ պայմանավորված:

Մասնավորապես, ազգայնականներ իրենց ակտիվիստներին ուղղորդել են իրադարձությունների կենտրոն՝ Ուկրաինա: Այսպես, մարտի 31-ին Ուկրաինայի անվտանգության ծառայությունը երկրից արտաքսել է Պետերբուրգի «Սեւ հարյուրյակ» կազմակերպության անդամ Անտոն Ռաեւսկուն՝ «ազգամիձյան թշնամանքի բորբոքման համար»:

Իրավապաշտպանները նշում են, որ աջ արմատականների համար կարեւոր էր նաեւ քաղաքացիության մասին օրենքում փոփոխություններ կատարելու հարցը, որի նախնական քննարկումը Պետդումայում կայացել էր մարտի 21-ին: «Ռուսներ» միավորումն այս հարցով անցկացրել էր «Ռուսները դեմ են քաղաքացիություն բաշխելուն» ակցիան:

Մարտին ուլտրաաջերը շարունակել են անօրինական միգրանտներ հայտնաբերելու ստուգումներ անցկացնել: Ցավոք, նշվում է հաղորդագրության մեջ, շարունակվել է նրանց համագործակցությունն իրավապահ մարմինների հետ: Այսպես, «Ռուսներ» միավորումը հայտնել է, որ փետրվարի 17-ին ակտիվիստները ՆԳՆ-ի եւ ԴՄԾ-ի աշխատակիցների հետ համատեղ ստուգել են Տաշքենդ-Սանկտ-Պետերբուրգ գնացքի ուղեւորներին:

Ըստ իրավապաշտպանների՝ տարվա սկզբից ռասիստական եւ ծայրահեղական այլ քարոզչության համար 24 դատավճիռ է կայացվել, դատապարտվել է 25 մարդ՝ երկրի 20 մարզերում: