Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ակնհայտ նշաններ է ցուցադրում, որ մտադիր է ընդլայնել իր վերահսկողությունն Ուկրաինայի, եւ հնարավոր է, նաեւ Արեւելյան Եվրոպայի այլ երկրների նկատմամբ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հետախուզության պետական հանձնաժողովի նախագահ Մայք Ռոջերսը, գրում է «Fox News» կայքը:

Միչիգանից ընտրված հանրապետական կոնգրեսականի խոսքով՝ բացի զրահատեխնիկայի կուտակումներին եւ տասնյակ հազարավոր զինվորականների տեղակայմանը ռուս-ուկրաինական սահմանին, Պուտինը տեղաշարժում է զորքերը Վրաստանի հյուսիսային սահմաններին եւ հետախույզներ է ուղարկում Ուկրաինա:

Կոնգրեսականը նշել է, որ ռուսական զորքերը Վրաստանի հյուսիսային տարածաշրջանում, որը հայտնիորպես Հարավային Օսիա, շարժման մեջ են եւ հնարավոր է, ուղղություն վերցնեն դեպի Հայաստան կամ Բալթիկ ծով:

«Ես դա այլ կերպ չեմ տեսնում, քան այն, որ Պուտինն աշխատում է ցամաքային կամուրջ ստեղծելու ուղղությամբ»,-ասել է Ռոջերսը:

Նրա խոսքով՝ ՌԴ նախագահը նաեւ ավելի «գաղտնի գործողություններ» է իրականացնում՝ հետախույզներ եւ հատուկջոկատայիններ Արեւելյան Ուկրաինա ուղարկելով, որպեսզի նրանք տեղի բնակիչներին համոզեն թույլ տալ Ռուսաստանին անեքսիայի ենթարկել իրենց երկիրը, ինչպես Պուտինն արեց Ղրիմում այս ամսվա սկզբին:

Ռուսական պաշտոնատար անձինք հայտարարում են, որ ուժերի կուտակումը Ուկրաինայի սահմանին զորավարժությունների մի մասն են: Այդուհանդերձ, Ռոջերսը նշել է, որ իրական անհանգստություն է հարուցում զինուժի, այդ թվում զրհատեխնիկայի, ծանր ու թեթեւ հրետանու կուտակման միջոցը: ռոջերսը նշել է, որ հնարավորություն չունի իմանալ Պուտինի հստակ մտադրությունները եւ հիմնվում է այն քայլերի վրա, որոնք իրականացրել է Պուտինը նախկինում: