Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանին զարմացնում է, որ խորհրդարանական չորս ոչ կոալիցիոն ուժերի շուրջօրյա հանրահավաքը քննարկման առարկա է դարձել:

«Զարմանում եմ, որ շուրջօրյա հանրահավաքներ անցկացնելը քննարկման առարկա են դարձրել, ինչ-որ նոր հայտնագործություն չէր, տեսեք` գալու եք հանրահավաք անենք, տանենք բերենք: Ընդվզումների մասին խոսելն էլ ապացուցում է, որ ընդվզում չեն անելու: Եթե անելու են, թող լուռ անեն: Երկրորդն էլ` տարբեր հարցերի շուրջ տարբեր քաղաքական ուժեր տարբեր հանրահավաքներ, տարբեր երթեր են արել եւ իրենց դիրքորոշումը հայտնել»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական պատգամավորը:

Հովհաննես Սահակյանի խոսքով` չորս ոչ կոալիցիոն ուժերը օրենքի շրջանակում ազատ են անելու այն, ինչ ցանկանում են. «Կրկնում եմ օրենքի շրջանակում, բայց օրենքից դուրս պայքարելու դեպքում գործում են այլ օրենքներ եւ կարգավորում են լրիվ այլ մարմին, որը քաղաքական չէ»:

Դիտարկմանը, թե ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանն օրերս խոսել է բարիկադներ կառուցելու մասին, ՀՀԿ-ական պատգամավորն ընդգծեց. «Ես չեմ կարծում, որ ԲՀԿ-ն նման հայտարարություն կանի, որ օրենքից դուրս է պայքարելու»:

Հովհաննես Սահակյանը հորդորեց «մեկ-երկու» պատգամավորին չմոռանալ, որ ներկայիս իշխանությունները թույլ են տալիս օրենքի սահմաններում պայքարել: Հարցին, թե ովքեր են այդ պատգամավորները, ՀՀԿ ներկայացուցիչը հրաժարվեց պատասխանել` ընդգծելով, որ այդ մարդիկ իր ասածը կհասկանան:

Հանրապետական կուսակցությանը չի անհանգստացնում չորս ուժերի որոշումները: «Մենք բավականին լուրջ մտահոգություններ ունենք` կապված Քեսաբի, սահմանների եւ այլնի վերաբերյալ, ավելորդ բաներով մեզ մի անհանգստացրեք»:

Հիշեցնենք, որ ապրիլի 1-ին խորհրդարանական չորս ոչ կոալիցիոն ուժերը հայտարարել են, որ ապրիլի 28-30-ը Ազատության հրապարակում կազմակերպում են շուրջօրյա հանրահավաք: