Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը տեղյակ չէր, որ Սահմանադրական դատարանը վաղը՝ ապրիլի 2-ին, հրապարակելու է կուտակային կենսաթոշակների մասին նոր օրենքի երկու դրույթները վիճարկող բողոքի քննության որոշումը:

«Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքում այդ մասին ոչինչ գրված չէ: Մեզ նույնպես չեն ծանուցել, հետեւաբար չեմ կարող ասել՝ ինչքանով է այս տեղեկությունը ճիշտ»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց պատգամավորը:

Հայցվոր կողմի մյուս ներկայացուցիչներ իրավապաշտպան Արտակ Զեյնալյանն ու փաստաբան Մերի Խաչատրյանը նույնպես տեղյակ չէին, որ ՍԴ վաղը վճիռն է հրապարակելու:

«Մեզ պաշտոնապես չեն ծանուցել, այնպես որ չգիտեմ՝ ճիշտ է, թե սխալ: Մամուլում այսօր այնքան ապրիլմեկյան կատակներ կարդացի, որ հիմա դժվարանում եմ ասել՝ ապրիլի 2-ին ՍԴ-ն իսկապես վճիռը կհրապարակի, թե ոչ: Եթե լուրը ճիշտ է, ապա մեզ մինչեւ ուշ գիշեր կծանուցեն օրվա եւ ժամի մասին»,- նշեց Մերի Խաչատրյանը:

Պատասխանող կողմի ներկայացուցիչների հետ չհաջողվեց կապ հաստատել:

Նշենք, որ քիչ առաջ Սահմանադրական դատարանի մամուլի ծառայության պետ Հովհաննես Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր. ««Տեղեկացնենք, որ Սահմանադրական դատարանը որոշումը կհրապարակի ապրիլի 2-ին: Որոշման հրապարակման ժամը լրացուցիչ կհայտնենք»,- գրել է Պապիկյանը:

Մարտի 31-ին Սահմանադրական դատարանը հեռացել էր խորհրդակցական սենյակ:

Հիշեցնենք, որ Հայաստանում այս տարվա հունվարի 1-ից ներդրվել է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը: Այն ենթադրում է, որ 1974թ. հունվարի մեկից հետո ծնված քաղաքացիներրի աշխատավարձերից պարտադիր կերպով մասնավոր ֆոնդերում պահվելու է 5 տոկոսը, եւս հինգ տոկոս վճարելու է պետությունը: Նշենք, որ օրենքը դժգոհություն է առաջացրել քաղաքացիական հասարակության շրջանում՝ սկիզբ տալով «Դեմ եմ» շարժմանը: Նոր օրենքին դեմ են նաեւ խորհրդարանական ոչ կոալիցիոն չորս ուժերը՝ հավաստիացնելով, որ պարտադիր բաղադրիչը հակասահմանադրական բնույթ է կրում: