Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հավատում է Սահմանադրական դատարանի արդարադատությանը եւ չի ցանկանում կանխատեսումներ անել, թե ինչ որոշում կկայացնի դատարանը կուտակային կենսաթոշակների մասին նոր օրենքի վերաբերյալ:
«Ես պաշտոնապես հայտարարել եմ, որ պատասխանող կողմը ոչ մի հակափաստարկ չի ներկայացրել, դա բոլորն էլ տեսան: Թե ինչքանով դա կգնահատի Սահմանադրական դատարանը, կերեւա վճիռը հրապարակելիս: Ես ինքս հավատում եմ Սահմանադրական դատարանի արդարադատությանը»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց պատգամավորը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչ կանխատեսումներ ունի:
Նույն կարծիքին է «Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնության անդամ Լեւոն Հարությունյանը, որը դատարանի դահլիճում հետեւել էր ընթացքին:
«Մեր կողմից ներկայացված փաստերին ոչ մի հակափաստարկ չի բերվել: Դատավորներն էլ շատ լավ էին տրամադրված: Այնպես որ համոզված եմ, որ օրենքը հակասահմանադրական է ճանաչվելու: Եթե Սահմանադրությանը համապատասխանող ճանաչվեց, ուրեմն այստեղ այլ խաղեր են»,- նշեց Լեւոնը:
Պատասխանող կողմ, Ազգային ժողովի սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Հակոբյանը իր գործընկեր Արծվիկ Մինասյանի նման չի շտապում գհատականներ տալ՝ խորհուրդ տալով սպասել ՍԴ որոշմանը: Այնուամենայնիվ, Հակոբյանը համոզված է, որ օրենքի հակասահմանադրական ճանաչվելու դեպքում իրենք այլ օրենք կմշակեն:
«Դժվարանում եմ մտածել, թե ինչ որոշում կկայացնի դատարանը: Դատարանը չբավարարվեց միայն բողոքարկող հայցով, այլ խորացավ, որպեսզի կարողանա ճիշտ որոշում կայացնել: Եթե օրենքը հակասահմանադրական ճանաչվի, մենք կմշակենք մի նոր օրենք, որպեսզի մարդկանց ապահովենք բարձր կենսաթոշակով: Մեր աշխատանքը դա կլինի արդեն»,- նշեց Հակոբ Հակոբյանը:
Նշենք, որ ըստ Սահմանադրական դատարանի մամուլի ծառայության պետ Հովհաննես Պապիկյանի՝ ապրիլի 2-ին ՍԴ-ն կհրապարակի վճիռը:
Հիշեցնենք , որ 2014թ. հունվարի 1-ից ՀՀ-ում ուժի մեջ է մտել Կուտակային կենսաթոշակների մասին օրենքը, որով նախատեսվում է 1974-ից հետո ծնված ՀՀ քաղաքացիների ամսական աշխատավարձից 5%-ի չափով պարտադիր հատկացումներ կատարել կենսաթոշակային հիմնադրամներին։ Օրենքի դեմ դուրս են ՏՏ ոլորտի, բանկերի աշխատակիցներ եւ բազմաթիվ այլ քաղաքացիներ։ Հունվարի 24-ին Սահմանադրական դատարանը մինչեւ խորհրդարանական չորս ուժերի դիմումի՝ 2014թ. մարտի 28-ին նշանակված բանավոր ընթացակարգով քննությունը, կասեցրեց «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի եւ 86-րդ հոդվածի 3-րդ մասի գործողությունը: Մինչեւ այդ 2013թ. դեկտեմբերի 17-ին ԱԺ չորս ոչ կոալիցիոն ուժերը դիմել էին Սահմանադրական դատարան՝ հակասահմանադրական ճանաչելու օրենքի երկու դրույթները: Դատարանում չորս ուժերին ներկայացնում է ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը, իրավապաշտպան Արտակ Զեյնալյանն ու փաստաբան Մերի Խաչատրյանը: Պատասխանող կողմերն են ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը, կառավարության եւ Կենտրոնական բանկի ներկայացուցիչները:



























