Հյուսիսատլանտյան դաշինքի որոշումն այն մասին, որ Ռուսաստանի դեմ ռազմական գործողությունը Ղրիմի իրադարձությունների պատճառով նպատակահարմար չէ եւ ցանկալի արդյունք չի տա, թուլության նշան չէ: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Հարավային Կովկասում կապերի հարցերով ՆԱՏՕ-ի գրասենյակի ղեկավար, դեսպան Ուիլիամ Լահյուն՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ռուսաստանի գործողությունները Ղրիմում չեն վկայում այն մասին, որ բլոկն էական դեր չի խաղում հետխորհրդային միջավայրում:
Դեսպանի խոսքով՝ կարեւոր է հիշել, որ Ուկրանան ՆԱՏՕ-ի անդամ պետություն չէ, ուստի կազմակերպությունը չի պաշտպանելու նրան: «ՆԱՏՕ-ի ռազմական շահագրգռվածությունը կայանում է տարածաշրջանում խաղաղության եւ կայունության պահպանման մեջ: Ռուսաստանն այժմ ցույց տվեց ՆԱՏՕ-ի բոլոր անդամներին, որ սպառնում է խաղաղությանը եւ կայունությանը»,- նշել է Լահյուն:
Նրա համոզմամբ՝ ՆԱՏՕ-ն հետխորհրդային միջավայրում կարեւոր դեր է խաղում, քանի որ տարածաշրջանի երկրները ցանկանում են Դաշինքի գործընկերներ լինել: «Եվ, բացառությամբ Ռուսաստանի, այդ երկրները շահագրգռված են տարածաշրջանում ՆԱՏՕ-ի առավել ընդարձակ ներկայության»,- ընդգծել է Հարավային Կովկասում կապերի հարցերով ՆԱՏՕ-ի գրասենյակի ղեկավարը:



























