Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության, հասարակական կարգի պահպանության ծառայության, Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի համապատասխան բաժինների համատեղ ուժերով ապամոնտաժվել են Կորյունի 10 եւ Տերյան 72 հասցեներում` Բժշկական ուսումնարանի հարեւանությամբ գտնվող առեւտրային տաղավարները:
Ինչպես տեղացնում են քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչությունից, ապամոնտաժված 2 ոչ հիմնական շինություններով ծանրաբեռնված հողամասերի օգտագործման համար գույքային իրավունքի որեւէ գրանցում չի եղել եւ, ըստ էության, այդ հողամասերն օգտագործվել են ապօրինի:
Քանդման ենթակա 2 տաղավարները Երեւան համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերի վրա են: Դրանք վարձակալական իրավունքով նախկինում տրամադրվել են քաղաքացիներին: Վարձակալության ժամկետներն ավարտվել են դեռեւս 2009 թվականին: Ի դեպ, պատասխանատուները վստահեցնում են, որ տաղավարներն օգտագործողները բազմիցս իրազեկվել են ապամոնտաժման աշխատանքների մասին:



























