Սոցիալական ապահովության պետական ծառայության նախին պետ Վազգեն Խաչիկյանի եւ ծառայության 12 աշխատակիցների դեմ հարուցված գործի քննությանը Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ ապրիլի 1-ին, մեղադրյալներ Արմեն Խաչատրյանի և Բագրատ Մուրադյանի պաշտպան Աննա Ջիվանովան դատարանին միջնորդություն ներկայացրեց՝ իր պաշտպանյալների կալանքը վերացնելու վերաբերյալ, որը դատարանը մերժեց:

 «1 տարի, 3 ամիս է՝ իմ պաշտպանյալը գտնվում է կալանքի տակ այն հիմքերով, որ կարող է խուսափել քննությունն իրականացնող մարմնից: Այժմ այդ հիմքերը բացակայում են: Հինգ ամիս է՝ նիստ չի կայացել: Դատարանը 5 ամիս առաջ է ապացույց հետազոտել: Իմ պաշտպանյալները փաստացի պատիժ կրողի կարգավիճակում են: Անձին անազատության մեջ պահելը պետք է լինի որոշակի ժամկետով նշված: Գործի քննությունն անհայտ է՝ երբ է կատարվելու: Գործը ձգձգվում է: Անհայտ է՝ գործը ավարտին կհասցվի, թե ոչ: Անհնար չի, որ գործով էլի դատավորներ փոխվեն: Մեղադրողը կարող է շատ հանկարծ բացահայտել, որ դատավոր Վարդանյանը նույնպես ուսանել է ԵՊՀ-ում այն տարիներին, երբ ուսանել է գործով մեղադրյալը»,- միջնորդությունը ներկայացնելիս ասաց պաշտպան Աննա Ջիվանովան՝ նշելով, որ կալանքը վերացնելու դեպքում մտավախություն չի կարող առաջանալ, թե իր պաշտպանյալը կարող է չներկայանալ դատական նիստերին, քանի որ մինչև մեղադրանքի առաջադրվելը նա մի քանի անգամ քննիչի կանչով կամավոր ներկայացել է նախաքննական մարմնին:

Հիշեցնենք, որ գործով նախկին դատավորը ինքնաբացարկ էր հայտնել՝ պատճառաբանելով, որ ինքը մեղադրյալ Վազգեն Խաչիկյանի համակուրսեցին է եւ դա կարող է խոչընդոտել գործի օբյեկտիվ քննությունը:

Մյուս պաշտպանները միացան պաշտպանի միջնորդությանը՝ նշելով, որ դատարանը հիմքեր չունի նրանց կալանքի տակ պահելու համար:

«Անխղճություն է կատարվել այս երկու մարդկանց նկատմամբ: Ես կարծում եմ, որ նախաքննական մարմինը նրանց կալանավորել է միայն ի ցույց դնելու համար, որ տեսեք՝ կալանավորել ենք»,-ասաց պաշտպան Հովիկ Արսենյանը:

Դատավորը միջնորդությունը մերժեց:

Հիշեցնենք, ըստ մեղադրանքի, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանը ծառայության մի շարք պաշտոնատար եւ պատասխանատու անձանց հետ, կազմակերպված խմբով, 2006–2010թթ. ընկած ժամանակահատվածում, օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը յուրացրել են ընդհանուր առմամբ՝ 260.956.681 դրամի կենսաթոշակ։ Բացի այդ, ըստ մեղադրանքի, Վազգեն Խաչիկյանը խարդախությամբ հափշտակել է պետական բյուջե վերականգնման ենթակա, առանձնապես խոշոր չափերի` 29.000.000 ՀՀ դրամ գումար: Վազգեն Խաչիկյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: