Շանթ Հարությունյանի հետ նոյեմբերի 5-ին անազատության մեջ գտնվող Միսակ Առաքելյանն այսօր՝ ապրիլի 1-ին ազատ է արձակվել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Միսակի փաստաբան Հովհաննես Քոչարյանը:
«Խափանման միջոց կալանքը փոխվել է եւ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Հենց դատարանից Միսակն ազատ արձակվեց եւ գնաց տուն՝ Մասիս»,- ասաց փաստաբանը:
Քոչարյանի խոսքով՝ իր պաշտպանն այս պահին գտնվում է շոկային վիճակում, ունի նաեւ առողջական խնդիրներ: Նշենք, որ Միսակ Առաքելյանն ամուսնացած է, ունի երկու անչափահաս երեխա:
Միսակ Առաքելյանի նկատմամբ փոխվել է նաեւ առաջադրված մեղադրանքը: Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով: Նոր մեղադրանքի վերաբերյալ փաստաբանն իր դիրքորոշումը կհայտնի առաջիկայում:
Հիշեցնենք, որ «Ազգային միացյալ նախաձեռնության» ղեկավար Շանթ Հարությունյանը, 2013թ. նոյեմբերի 5-ին, իր մոտ հարյուր աջակիցների հետ Գայ Ֆոքսի դիմակներով «Անոնիմուսների երթ» էր սկսել դեպի նախագահի նստավայր։ Սակայն ոստիկանները Մաշտոցի պողոտայում կասեցրել էին երթը, տեղի էին ունեցել բախումներ, հնչել էին պայթյուններ, ոստիկանները բերման էին ենթարկել 38 ակտիվիստների, այդ թվում՝ Շանթ Հարությունյանին եւ նրա որդուն։ Բախումների հետեւանքով տուժել էր 16 մարդ, այդ թվում ութ ոստիկան: Բերման ենթարկվածներից 18-ին ներգրավվել էին որպես վկա եւ ազատել էին, իսկ 20-ը ձերբակալվել էր: Ձերբակալվածների մեջ էր Միսակ Առաքելյանը:


























