Պռոշյանի նախկին գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանությունից մեկ տարի անց հանցագործությունը դեռ չի բացահայտվել։ ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը սպանության առաջին տարելիցի նախօրեին, այսօր՝ ապրիլի 1-ին, բողոքի քայլերթ է իրականացրել Երեւանից դեպի Պռոշյան՝ իշխանություններին կոչ անելով բացահայտել Հրաչ Մուրադյանի սպանությունը։

«Պարզ է, որ տեղի է ունեցել դավադիր եւ, ըստ էության, քաղաքական սպանություն։ Հարցի լուծումը պետք է տեղի ունենա արդար դատաքննության միջոցով։ ՀՅԴ երիտասարդները, ոգեկոչելով ընկեր Հրաչ Մուրադյանի անմահ հիշատակը, իր կատարած գործի հետեւորդը լինելով, վառ են պահելու իր հիշատակը»,- հայտարարեց երթին մասնակցող, ՀՅԴ հայաստանի կենտրոնական վարչության ներկայացուցիչ Ազատուհի Սիմոնյանը։

Նրա խոսքով՝ սպանությունից մեկ տարի անց գործը գտնվում է նախաքննության շրջանում, ամեն ինչ գաղտնի է պահվում, իրական պատվիրատուն բացահայտված չէ.  «Մենք կներենք միայն այն ժամանակ, երբ իմանանք, թե ով է այս ամենի հետեւում կանգնած։ Սակայն այդ դեպքում էլ չենք ներելու, որովհետեւ թափվել է անմեղ մարդու, հերոս ազատամարտիկի արյուն։ Մենք մեզ անապահով ենք զգում ՀՀ-ում, մի երկրում, որտեղ իշխող կուսակցությունը հայտարարում է, թե ապահով Հայաստան կա։ Սա՞ է ապահով Հայաստանը»։

Մոտ հինգ տասնյակ երիտասարդներն իրենց ձեռքին ունեն պաստառներ «Արցախի եւ մեր պետականության մարմնավորում Հրաչ Մուրադյանին սպանողը պիտի պատժվի», «Հրաչ Մուրադյանը մեր հերոսն է», «Գտեք պատվիրատուին», «Հաջորդը կարող ես դու լինել» գրություններով։

Երթի ավարտին մանսակիցները մոմեր կվառեն եւ ծաղիկներ կդնեն Հրաչ Մուրադյանի շիրիմին։

Հիշեցնենք, որ Պռոշյանի 50-ամյա գյուղապետ, ՀՅԴ անդամ Հրաչ Մուրադյանը սպանվել էր 2013թ. ապրիլի 2-ին` գյուղապետարանի շենքի մոտ: Սպանության գործով կալանավորվել էր նույն գյուղի բնակիչ Արայիկ Պետրոսյանը։

Այդ ընթացքում Արայիկի Պետրոսյանի հարազատները բողոքի բազմաթիվ ակցիաներ են կազմակերպել, դիմել ոստիկանապետին և գլխավոր դատախազին` հայտնելով, որ նա որևէ առնչություն չունի հանցագործության հետ և ապօրինի է պահվում անազատության մեջ։ 2013թ. դեկտեմբերի 25-ին Արայիկին առաջադրված խափանման միջոց կալանավորումը փոխվել է չհեռանալու մասին ստորագրության, սակայն նրա նկատմամբ քրեական հետապնդումը չի դադարեցվել: