Ռուսաստանի ԱԳՆ-ն վճռականորեն դատապարտում է Սիրիայում ծայրահեղականների գործողությունները եւ կոչ անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին քննարկել իրավիճակը Քեսաբում: Այդ մասին ասվում է Ռուսաստանի ԱԳՆ տեղեկատվության վարչության մեկնաբանության մեջ:

«Արդեն մի քանի օր միջազգային հանրության եւ իրավապաշտպան կազմակերպությունների ուշադրությունը սեւեռված է Սիրիայի հյուսիս-արեւմուտքում, Թուրքիայի հետ սահմանին, Լաթաքիայից 65 կմ հեռավորության վրա գտնվող Քեսաբ քաղաքի իրավիճակի վրա:

Առկա տվյալներով, Քեսաբ քաղաքի հարակից շրջանը, որտեղ հարյուրամյակներով, դեռ Կիլիկյան Հայկական Թագավորության գոյության ժամանակներից ապրում են հայեր, ենթարկվել է «Ալ-Քաիդա»-ի հետ կապված «Ջաբհաթ Ան-Նուսրա» եւ «Ահրար Աշ-Շամ» ծայրահեղական խմբավորումների մի քանի հազար մարդուց բաղկացած ջոկատների դաժան հարձակմանը: Ընդ որում, հարկ է նշել, որ պատմական հայկական անկլավում, որի վրա հարձակվել է մարդասպանների եւ բռնաբարների միջազգային հանցախումբը, ռազմական օբյեկտներ չեն եղել: Ջիհադիստների հետապնդումներից մազապուրծ եւ իրենց տները հարկադրաբար լքած 700 ընտանիքների միակ մեղքն այն է, որ նրանք լոյալ են ՍԱՀ կառավարությանը: Ներկայումս այդ մարդիկ ապաստան են գտել Լաթաքիայում՝ ազգականների մոտ եւ տարբեր քրիստոնեական համայնքների պատկանող եկեղեցիներում:

Ինչ վերաբերում է «Յութուբում» հայտնված տեսանյութին, նույնիսկ եթե այն, ինչպես պնդում են որոշ աղբյուրներ, պատկերում է ոչ թե Քեսաբում հայերի սպանդը, այլ գրոհայինների կողմից սիրիական բանակի զինվորների նկատմամբ անգութ հաշվեհարդարը, դրանից տվյալ հանցագործությունը պակաս հրեշավոր չի դառնում:

Մենք վճռականորեն դատապարտում ենք ծայրահեղականները գազանություննեը Սիրիայում: Կարծում ենք՝ Լոխ-Էրնում «Ութի խմբի» գագաթնաժողովում նախանշված խնդրի իրացումը՝ միավորել Սիրիայի կառավարության եւ ընդդիմության ջանքերը՝ սիրիական հողում ահաբեկչության վերացման, ծայրահեղականների ջախջախման եւ վտարման, ներկայիս պայմաններում առանձնակի արդիականություն է ստանում:

Ցանկացած պատճառաբանություն՝ միտված այդ ուղղությամբ գործնական քայլերը «հետաձգելու» մինչեւ Սիրիայում «անցումային կառավարող մարմնի» ձեւավորում, առավել եւս, ահաբեկիչների հանցագործությունները արդարացնելու փորձերը բացարձակապես անընդունելի են: Գործել պետք է անհապաղ:

ՄԱԿ ԱԽ-ն պետք է քննարկի իրավիճակը Քեսաբում եւ իրադարձությունների սկզբունքային գնահատական տա»,- ասվումէ մեկնաբանության մեջ: