ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը երեքշաբթի ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունել է Ուկրաինային օգնություն ցուցաբերելու եւ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների փաթեթը՝ ի պատասխան Ղրիմի բռնակցման, հայտնում է ԱՄՆ-ում NEWS.am-ի թղթակիցը։

Ներկայումս ամերիկացի օրենսդիրների կողմից ընդունված փաթեթն ուղարկվել է Սպիտակ տուն, այն պետք է ստորագրի նախագահ Բարաք Օբաման։ Նախատեսվում է Ուկրաինային տրամադրել 1 միլիարդ դոլարի վարկ, ինչպես նաեւ 150 միլիոն դոլարի օգնություն Ուկրաինայի ժողովուրդներին եւ հարեւան երկրներին։ Կոնգրեսն իր որոշմամբ փաստորեն ԱՄՆ-ի արդարադատության դեպարտամենտին   պարտավորեցնում է օգնել Ուկրաինայի կառավարությանը՝ կոռումպացված ուկրաինացի պաշտոնյաների ակտիվները վերադարձնելու գործում։

Ամերիկացի օրենսդիրների որոշումը նախատեսում է նաեւ պատժամիջոցների պարտադիր կիրառում, ներառյալ՝ վիզային արգելքները եւ հաշիվների սառեցում  այն ռուսների եւ ուկրաինացիների նկատմամբ, ովքեր մասնակից են Ուկրաինայում բռնություններին կամ մարդու իրավունքների խախտումներին, ինչպես նաեւ նրանց, ովքեր իրենց գործողություններով քայքայել են Ուկրաինայի ինքնիշխանությունը կամ էլ մասնակցել Ուկրաինայում «զգալի» կոռուպցիային։

«Այս օրենքը ռուսական ագրեսիային հակադրվելուն եւ Ուկրաինայի դեմոկրատական զարգացման աջակցությանն ուղղված մեր ջանքերի առանցքային տարրն է», - «Ռեյթերին» հայտնել է Ներկայացուցիչների պալատի արտաքին հարցերով հանձնաժողովի նախագահ, Կալիֆորնիայի հանրապետական կոնգրեսմեն Էդ Ռոյսը։