2013թ. աշխարհում ավիավթարների հետեւանքով զոհվել է 210 մարդ. նախորդ տարվա համեմատ ցուցանիշը կրկնակի նվազել է։ Այս մասին ասվում է ավիացիոն անվտանգության վերաբերյալ Օդային տրանսպորտի միջազգային կազմակերպության տարածած զեկույցում (МАВТ)։

2012թ. զոհերի քանակը կազմել է 414 մարդ, այն ժամանակ, երբ աշխարհում վերջին հինգ տարիներին  զոհվում էին տարեկան միջինը  517 ավիաուղեւոր եւ անձնակազմի անդամ։

Ըստ МАВТ-ի՝ 2013 թ. ավիացիոն անվտանգության գործակիցը եղել է  0,41։ Նշանակում է, որ մեկ միջադեպը տեղի է ունենում 2,4 միլիոն թռիչքը մեկ անգամ։ Դա 2012թ. ցուցանիշից ավելի վատ է, երբ  գործակիցն իջել էր 0,21%՝ դառնալով պատմության մեջ ամենացածրը։

Անցյալ տարի աշխարհում գրանցվել է 81 ավիավթար, որոնցից 16-ը կամ 20%-ը մարդկային զոհերի պատճառ են դարձել։
«Մենք այս տվյալները տարածում ենք այն ժամանակ, երբ շարունակվում են 370 չվերթի (Malaysia Airlines) որոնումները։ Բնագավառի բոլոր մասնակիցները փորձում են լուծել այս առեղծվածը, հասկանալ պատճառները եւգտնել երաշխիքի հնարավորություններ, որպեսզի ապագայում այդպիսի բան երբեք չկրկնվի», - ասվում է  МАВТ-ի հաղորդագրության մեջ, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։

Հիշեցնենք, որ Կուալա-Լումպուր-Պեկին չվերթն իրականացնող Boeing 777-200-ում 
227 ուղեւոր եւ անձնակազմի 12 անդամ էր եղել։ 

Թեեւ դեպքից մեկ ամիս անց չեն հայտնաբերվել ոչ օդանավը, ոչ ուղեւորները՝ անցյալ շաբաթ ավիաընկերությունը հայտնել էր, որ օդանավում եղած բոլոր մարդիկ զոհվել են։

МАВТ-ի անդամ են 243 ընկերություն, որոնք ապահովում են միջազգային ավիափոխադրումների  84%-ը։