Դերասան Աշոտ Մելոյանի (նկարահանվել է նաեւ «Կարգին հաղորդման» մեջ) եղբորորդուն՝զինծառայող Գոռ Մելոյանին Ստեփանակերտի հոսպիտալից այսօր՝ ապրիլի 2-ին, տեղափոխում են Երեւան: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
Նա նշեց, որ զինծառայողին տեղափոխում են Երեւան՝ հոսպիտալ՝ լրացուցիչ բուժզննում անցնելու նպատակով, որպեսզի պարզեն, թե ինչով են պայմանավորված նրա գանգատները:
Ավելի վաղ Աշոտ Մելոյանը մեզ հետ զրույցում պատմել էր, որ Գոռ Մելոյանն արդեն 59-րդ օրն է՝ գտնվում է հիվանդանոցում, ունի ջերմություն եւ դժվարությամբ է քայլում ոտքի ցավի պատճառով: Գոռ Մելոյանը զորակոչվել է 2013թ դեկտեմբերին, իսկ մինչ բանակ գնալը՝ մոտ մեկ տարի առաջ, կրունկի շրջանում՝ ջլի հատվածում, վիրահատություն է տարել, 7 կար են դրել: «Երեւի թե այդտեղից ինչ-որ զարգացումներ են եղել, ոտքը ուռած է, խնդրել եմ, լուսանկար է արել եւ ուղարկել, որտեղ ակնհայտ երեւում է երկու ոտքերի միջեւ տարբերությունը: Երկու ամիս է՝ երեխան ջերմում է, մենք ահազանգում ենք, փոխարեն լուծում տան, մի բան էլ ասում են, թե մենք կլյաուզա ենք անում»,- նշել էր նա:


























