Կալիֆորնիայից թոշակառու Ռեյմոնդ Բաքսթոնը հայտարարել է փետրվարի 20-ին խաղարկված Powerball վիճակախաղում 425 մլն դոլարի ջեքփոթի նկատմամբ իր իրավունքի մասին: Այս մասին տեղեկացրել են վիճակախաղի կազմակերպիչները:

Բաքսթոնը բաղձալի տոմսը ներկայացրել է վիճակախաղի Սակրամենտոյի գրասենյակ՝ նշելով, որ ցանկանում է շահումը ստանալ մեկ անգամով, այդ կերպ մրցանակային գումարը կազմել է 242.2 մլն դոլար:

Հաղթողը պատմել է, որ Միլփիթաս քաղաքում (Կալիֆորնիա նահանգ) կանգնել է բենզալցակայանի մոտ՝ ճաշելու համար, միաժամանակ վիճակախաղի տոմս է գնել: Հեռանալուց առաջ թոշակառուն որոշել է եւս մեկ տոմս գնել, որն էլ տղամարդուն բազմամիլիոնանոց կարողություն է բերել:

Ըստ ИТАР-ТАСС-ի, խոսելով ապագայի ծրագրերի մասին, տղամարդը տեղեկացրել է, որ մտադիր է ճամփորդել, ինչպես նաեւ բարեգործական հիմնադրամ ստեղծել՝ մանկական հիվանդությունները բուժելու համար:

Powerball-ը խաղարկվում է ամերիկյան 43 նահանգներում: Շահումը բաժին է հասնում նրան, ով ճիշտ է գուշակում 5 ճերմակ եւ 1 կարմիր գնդակի թվերը: Կանոնների համաձայն, հաղթողը կարող է շահումը ստանալ մեկ անգամով կամ մաս-մաս, 30 տարվա ընթացքում: