Անտիկ գիտնական Կլավդիոս II դարում  Պտղոմեոսի կազմած ու  XV դարում Գերմանիայում տպված  աշխարհի քարտեզը Նյու Յորքի Christie's աճուրդում վաճառվել է  317 հազար դոլարով: Կազմակերպիչներն ակնկալում էին ստանալ 240 հազար դոլարից ոչ ավելի: Այդ քարտեզը տպվել է 1482թ.՝ Քրիստափոր Կոլոմբոսի կողմից Ամերիկան հայտնաբերվելուց 10 տարի առաջ: 

Այն Պտղոմեոսի առաջին քարտեզն է, որը տպագրված է Իտալիայի սահմաններից դուրս: Մինչ աշխարհագրական մեծագույն բացահայտումների դարաշրջանը, Պտղոմեոսի քարտեզները եվրոպացիների համար աշխարհագրական տեղեկությունների հիմնական աղբյուրն էին: Գնորդի անունը չի բացահայտվում, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Ըստ Christie's-ի ներկայացուցիչների՝ ձեռքով ներկված քարտեզը հոյակապ է պահպանվել: Այն աճուրդի էր հանել Չիկագոյի հայտնի հավաքածուատեր Քենեթ Նեբենզալը: