Մարտի 29-ի առավոտյան ոստիկանության Կենտրոնականի բաժնում ահազանգ էր ստացվել, որ ԱՄՆ քաղաքացի, 1990 թ. ծնված Ալեքս Ի.-ն գիշերը Մաշտոցի պողոտայում նստել է տաքսի ավտոմեքենա, որի սրահում երկու անհայտ անձինք դանակի սպառնալիքով նրանից վերցրել են գումար եւ բանկային քարտեր: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Ոստիկանությունից:

Տուժողը ոստիկաններին հայտնել է, որ մարտի 28-ին, ժամը 05.30-ին, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի մոտ երկու անհայտ անձինք, անհայտ մակնիշի եւ համարանիշի տաքսի ավտոմեքենայի սրահում, դանակի սպառնալիքով իրենից բացահայտ հափշտակել են գումար:

Մարտի 31-ին ոստիկանության Երեւան քաղաքի վարչության եւ Կենտրոնականի բաժնի ծառայողներն իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները` ժամը 20.20-ին Հանրապետության հրապարակից բերման են ենթարկել 1993 թ. ծնված Գոռ Գ.-ին եւ 1991 թ. ծնված Հայկ Կ.-ին: Նրանք խոստովանել են, որ ավազակային հարձակումը կատարել են իրենք:  Գոռ Գ.-ն եւ Հայկ Կ.-ն ձերբակալված են:

Կատարվում է նախաքննություն: