Ցրտահարության պատճառով սրտի նոպա ունեցած Արարատի մարզի Սուրենավանի գյուղապետ Կարո Կարապետյանն այսօր՝ ապրիլի 3-ին, դուրս է գրվելու հիվանդանոցից:
Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սուրենավանի գյուղապետի տեղակալ Ռոբերտ Մկրտչյանը:
Նա նշեց, որ տեսակցել է «Էրեբունի» հիվանդանոցում գտնվող գյուղապետին, նրա առողջական վիճակը լավ է, քայլում է, խոսում է, ուղղակի շաքարն է բարձրացել:
Ռոբերտ Մկրտչյանն ասաց նաեւ, որ Կարո Կարապետյանը հետաքրքրվել է գյուղացիներից, ցրտահարված բերքից: Նրան տեղյակ են պահել, որ օրերս Արարատի մարզ են այցելել գյուղնախարարն ու փոխվարչապետը: «Ամեն ինչից տեղյակ է»,- ասաց գյուղապետի տեղակալը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Կարո Կարապետյանը սրտի նոպա է ունեցել, տեղափոխվել հիվանդանոց ու անմիջապես վիրահատվել: «Ինքը ոչ մի խնդիր էլ չի ունեցել, ուտող, խմող տղա էր: Էդ ցրտահարության օրը դաշտերը պտտում էինք, քամին ձյուն էր բերում, ճլորել էին ծիրանները, սեւացել էին, բացում, նայում էինք, ուսումնասիրում էինք, տեսանք, որ ցրտահարվել է, դաշտերը տեսնելով՝ գյուղացիներին նայելով՝ վատ զգաց էլի, եկանք տուն, ոնց որ ոչ մի բան էլ չկար, արդեն երեկոյան տարան հիվանդանոց: Անմիջապես վիրահատել են, պրուժին են տեղադրել: Ինքը հողատարածք չունի, ուղղակի, որ տեսավ՝ ժողովուրդը ինչ վիճակում է, մեր գյուղում մի հատիկ ծիրան չի մնացել, բոլորը ցրտահարվել է»,- պատմել էր Ռոբերտ Մկրտչյանը:


























