Սթրեսից հետո գեղեցիկ սեռի ներկայացուցիչները մխիթարություն գտնում են ծխախոտում: Տղամարդկանց համար ծխախոտի գլանակն այն նշանակությունը չունի, ինչպես որ կանանց դեպքում: Վիեննայի բժշկական համալսարանի գիտնականները գտել են պատճառները, որոնք ստիպում են մարդկանց ծխել:
Երկարատեւ հետազոտություների արդյունքները ցույց են տվել, որ կանայք սկսում են ծխել սթրեսային իրավիճակներում: Իսկ տղամարդիկ ծխում են պարզապես, նույնիսկ երբ իրենց կյանքում ամեն ինչ կարգին է ու խաղաղ, երբ երջանիկ են եւ չեն մտահոգում ինչ-ոչ էական խնդիրներ, հաղորդում է «ԵվրոՍՄԻ»-ն:
Ընդ որում, կանայք ավելի դժվարությամբ են հրաժարվում վատ սովորույթից: Պատճառը ծխելը թողնել ցանկացող կանանց մոտ հրաժարվելու արտահայտված համախտանիշն է: Սթրեսը, գումարած հրաժարվելու համախտանիշը թույլ չեն տալիս հրաժարվել կախվածությունից, ինչի ֆոնի վրա զարգանում է անհանգստություն, դեպրեսիա եւ հոգեկան այլ խանգարումներ:
Կանայք վախենում են գիրանալ, չէ որ ծխող կանայք համոզված են՝ ծխելն ու քաշը միմյանց հետ սերտ կապված են: Գիտնականները կարծում են որ սա հետ է պահում կանանց վատ սովորության դեմ պայքարում: Սակայն առ այսօր ծխախոտի եւ քաշի ավելացման միջեւ կապը հաստատված չէ:




























