Ուկրաինան ցանկանում է բանակցություններ անցկացնել Ռուսաստանի հետ հարաբերությունների վերսկսման մասին, թեեւ երբեք չի ընդունի Ղրիմի անեքսիան: Այս մասին հայտնել է Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը:
«Մենք կուզենայինք անցկացնել բանակցություններ ՌԴ եւ Ուկրաինայի հարաբերությունների գծով, եւ մենք գտնում ենք, որ մեր արտաքին գործերի նախարարները պետք է հանդիպեն որքան հնարավոր է շուտ», - ասել է նա Կիեւում ներդրումային հարցերով կոնֆերանսի ընթացքում:
Յացենյուկն ընդգծել է, որ Ուկրաինան երբեք չի ընդունի Ղրիմի անեքսիան, հաղորդում է «Ինտերֆաքս-Ուկրաինան»:
Դրա հետ մեկտեղ, նրա խոսքով, կան հարցեր, որոնք արժե, որ քննարկվեն երկրների կողմից, մասնավորապես, երկկողմ առեւտրի եւ էներգետիկայի հարցերն են:
«Մենք պատրաստ ենք բանակցությունների ԱԳՆ ղեկավարների միջեւ, այսպես կոչված կոնտակտային խմբի, որը ներկայացվել էր դեռեւս երեք շաբաթ առաջ», - ասել է վարչապետը:
Յացենյուկն ընդգծել է , որ ՌԴ-ն պետք ընդունի Ուկրաինայի անկախությունը եւ ընդունի այն փաստը, որ Ուկրաինան ձգտում է դառնալ ԵՄ անդամ:
Նա հիշեցրեց նաեւ Ուկրաինայի ԱԳՆ առաջարկությունն այն մասին, որ Ռուսաստանը պետք է որպես երկրորդ պետական լեզու ընդունի ուկրաիներենը:
«Ուկրաինայի ԱԳՆ-ն այս առումով հայտարարությամբ է հանդես եկել: Ուկրաինալեզու համայնքը ՌԴ տարածքում ամենամեծն է եւ կլինի բացարձակապես բնական, եթե ուկրաիներեն լեզուն դառնա ՌԴ-ում երկրորդ պետական լեզու, կամ, համենայնդեպս կրի հատուկ կարգավիճակ», - ասել է նա:
Վարչապետի խոսքով, Ուկրաինան նաեւ դիմում է ռուսաստանյան իշխանություններին Ռուսաստանի տարածքում ուկրաինական դպրոցների բացման վերաբերյալ:
«Պետք է նաեւ պատասխանել Ռուսաստանում ուկրաինացիների կրոնական համոզմունքներին, որպեսզի կրոնի ազատության սկզբունքը ոչ միայն հայտարարվի, այլ եւ կատարվի», - ընդգծել է նա:
Յացենյուկն ասել է, որ ոչ միայն Ռուսաստանն է ցավում Ուկրաինայի համար, այլ նաեւ Ուկրաինան կցանկանար, որպեսզի ՌԴ-ում ամեն ինչ լավ լիներ:
«Մենք ցանկանում ենք նրանց ամենայն բարիք, որպեսզի նրանց մոտ ամեն ինչ լավ լինի, եւ որպեսզի եռամսյակում 65 մլրդ դոլլար չփախչի իրենց տնտեսությունից, ինչպես նաեւ , որպեսզի նրանց մոտ աշխատեին Visa и Master Card քարտերը», - ավելացրել է Ուկրաինայի վարչապետը:




























