Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցում նշված մի շարք դիտարկումներ բխում են օրենքի չիմացությունից: Այդ մասին նշել է ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը՝ անդրադառնալով ՄԻՊ զեկույցին:

Մարդու իրավունքների պաշտպանը, անդրադառնալով ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի գործունեությանը, նշում է որոշակի բացթողումներ, որոնք կամ առնչություն չունեն Հանձնաժողովին օրենքով վերապահված իրավասությունների հետ, կամ հակասում են օրենքին:

Մասնավորապես, ըստ ՄԻՊ-ի զեկույցի.  «2013 թվականի միայն առաջին եռամսյակում իրացված շաքարավազի 99,8%-ը բաժին է հասել «Ալեքս Գրիգ» ընկերությանը, սակայն, ըստ Հանձնաժողովի, դա գերիշխող դիրքի չարաշահում չի հանդիսացել»:

Ըստ ՏՄՊՊՀ-ի, «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքով չի արգելվում գերիշխող դիրքի առկայությունը, եւ դրա համար տնտեսվարողները չեն կարող ենթարկվել պատասխանատվության:

Զեկույցում անդրադարձ է կատարվում նաեւ Հանձնաժողովի կողմից կիրառվող պատասխանատվության միջոցներին. «Միեւնույն կամ նման խախտում կատարած ընկերությունների  նկատմամբ տուգանքի չհիմնավորված տարբեր չափեր են նշանակվում»:

ՏՄՊՊՀ-ն պարզաբանել է, որ յուրաքանչյուր գործի փաստական հանգամանքները միմյանցից էականորեն տարբերվում են, հետեւաբար Հանձնաժողովը չի կարող բոլոր տնտեսվարողների նկատմամբ կիրառել միատեսակ մոտեցում: Յուրաքանչյուր դեպքում տուգանքի չափը որոշելու համար  օրենքը նախատեսում է հստակ: Ուստի գոյություն չունի եւ չի կարող ունենալ գոնե մեկ դեպք, երբ ՏՄՊՊՀ-ն կողմից կիրառվել են երկակի ստանդարտներ: Հանձնաժողովի յուրաքանչյուր որոշում պարունակում է հստակ հիմնավորումներ պատասխանատվության միջոցների չափի վերաբերյալ:

«Ստացված դիմում բողոքների քանակով, որն ըստ Մարդու իրավունքների պաշտպանի սակավաթիվ է, եզրակացնել այն մասին, որ ցածր  է Հանձնաժողովի նկատմամբ հասարակության վստահությունը, կարծում ենք լուրջ չէ: Միայն դիմում բողոքների քանակով չէ, որ որոշվում է այս կամ այն պետական կառույցի հանդեպ հասարակության վստահության չափը: Բացի այդ, պարզ չէ, թե ինչ չափանիշով են դիմումների քանակը համարվում սակավաթիվ կամ ոչ սակավաթիվ, ինչ վիճակագրական տվյալների վրա է հիմնված այդ եզրահանգումը»,- նշել է Շաբոյանը: 

Նշենք, որ ՄԻՊ Կարեն Անդրեասյանը հրապարակված զեկույցում նշել էր, թե բիզնեսում բավարար մրցակցություն դարձյալ չկա եւ ներկայացրել էր ոլորտի խնդիրներն ու ձեռքբերումները:

Բիզնեսում բավարար մրցակցություն դարձյալ չկա. Օմբուդսմենը՝ ՏՄՊՊՀ-ի մասին