ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը, որը հայցվոր կողմ էր ՍԴ-ում «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքը հակասահմանադրական ճանաչելու հայցով,  բավարարված է վճռով, սակայն չի շտապում ուրախանալ: Այս մասին այսօր՝ ապրիլի 2-ին, ՍԴ-ում՝  «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի մի շարք հոդվածներ հակասահմանադրական ճանաչելուց հետո, հայտարարեց Արծվիկ Մինասյանը: «Տվեք ինձ ընդամենը 2 օր, կարդամ վճիռը, հասկանամ այն, որովհետեւ կային կետեր, որոնք չընթերցվեցին: Եկեք չշտապենք, ամբողջական տեքստը ուսումնասիրենք»,- նշեց նա:

Անդրադանալով ՍԴ-ի որոշմանը մինչեւ սեպտեմբերի 30-ը սպասելու վերաբերյալ՝  ՀՅԴ պատգամավորն ասաց, որ դա դատարանի լիազորության մեջ է, օրենքով է այն կայացվել, սակայն շատ է կարեւորում, որ մինչեւ սեպտեմբերի 30-ը եւ դրանից զատ՝ ՍԴ-ն մի իրավական ինստիտուտ առաջարկի: «Իմաստն այն է, որ այն քաղաքացիները, ովքեր կարծում են, որ իրենց իրավունքները խախտված են, դիմեն այդ կառույցին եւ այդպես հարցը լուծեն: Այդ թվում չի բացառվում դատական հայցերի ինստիտուտը»,- ասաց հայցվոր կողմը:

Իսկ ՍԴ-ում որպես պատասխանող կողմ հանդես եկող ԱԺ սոցիալական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ՍԴ-ի որոշումը պայմանավորված չէ իր անձի կամ ԱԺ-ով, իր իսկ խոսքով՝ այն կապ չունի «իր անձի կամ ԱԺ-ի սահմանադրությունը իմանալու չափի հետ»: «Ես չեմ կարող ՍԴ-ի որոշումից գոհ կամ դժգոհ լինել, մենք պարտավոր ենք կատարել ՍԴ-ի կայացրած որոշումը»,- ասաց պատգամավորը՝ հավելելով, որ կվերանայեն օրենքը, կմշակեն նոր օրենք:

Անդրադառնալով կատարված պահումները վերադարձնելուն՝  Հակոբ Հակոբյանն ասաց, որ սա շատ նուրբ հարց է, մինչեւ որոշումը ճիշտ չվերլուծեն,  ինքը նման հարցի չի կարող պատասխանել: «Լինելու են բացարձակ փոփոխություններ կուտակային բաղադրիչ հետ կապված»,- ասաց պատգամավորը:

Որպես պատասխանող կողմ ՍԴ-ում հանդես եկած ԿԲ փոխնախագահ Ներսես Երիցյանը հրաժարվեց մեկնաբանել ՍԴ-ի կայացրած որոշումը՝ նշելով որ կուսումնասիրի վճիռը, որից հետո կհայտնի դիրքորոշումը:

Իսկ պատասխանող կողմ, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն էլ լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենք երբեք կանխատեսումներ չեն արել, իսկ այն որոշումը, որ կայացրեց ՍԴ-ն, կուսումնասիրեն, կհասկանան՝ խնդիրը որն է: «Մի բան հստակ է, որ ՍԴ-ն այն բարձրագույն ատյան է որի կայացրած որոշումները պարտադիր են բոլորի համար»,- ասաց նախարարը՝ հրաժարվելով հայտնել, թե պահումները երբ կվերադարձվեն:

«Հստակ չեմ կարող ասել, պետք է ուսումնասիրենք»,-հավելեց նախարարը: Դիտարկմանը թե օրենքը եղել է հակասահմանադրական, Արտեմ Ասատրյանն ասաց որ ինքը նման գնահատական չի տալիս եւ համաձայն չէ դրա հետ:

Նշենք, որ Հայաստանի Սահմանադրական դատարանն այսօր՝ ապրիլի 2-ին, Սահմանադրությանը հակասող եւ անվավեր է ճանաչել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի մի ամբողջ շարք հոդվածներ, որոնց վերաբերյալ հայց էին ներայացրել դատարան: Մասնավորապես չեղյալ է հայտարարվել օրենքի պարտադիր բաղադրիչը:

Հիշեցնենք, որ Հայաստանում այս տարվա հունվարի 1-ից ներդրվել էր պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը: Այն ենթադրում է, որ 1974թ հունվարի մեկից հետո ծնված քաղաքացիներրի աշխատավարձերից պարտադիր կերպով մասնավոր ֆոնդերում պահվելու է 5 տոկոսը, եւս հինգ տոկոս վճարելու է պետությունը: Նշենք, որ օրենքը դժգոհություն է առաջացրել քաղաքացիական հասարակության շրջանում՝ սկիզբ տալով «Դեմ եմ» շարժմանը: Նոր օրենքին դեմ են նաեւ խորհրդարանական ոչ կոալիցիոն չորս ուժերը՝ հավաստիացնելով, որ պարտադիր բաղադրիչը հաասահմանադրական բնույթ կրում: