Այս պահին Ուկրաինայի իշխանությունները լեգիտիմ չեն: Եթե որեւէ հավասարակշռված ղեկավար գա, դրանից հետո հնարավոր կլինի նրա հետ բանակցություններ վարել ԱՊՀ-ի կազմից Ուկրաինայի դուրս գալու շուրջ: Այս մասին  Մոսկվայի, Աստանայի եւ Կիեւի հետ հեռուստակամուրջի ձեւաչափով «ԱՊՀ-ի ապագան. Ուկրաինայի հե՞տ, թե՞ առանց Ուկրաինայի» թեմայով կլոր սեղանի ընթացքում հայտարարել է Գալիմ Բայթուքը՝ հավելելով, որ անհրաժեշտ է սպասել ընտրություններին եւ ուկրաինական պետության իշխանությունների լեգիտիմացմանը:

Ուկրաինան, հիշեցրել է նա, դե յուրե ԱՊՀ անդամ չէ, քանի որ չի վավերացրել կազմակերպության կանոնադրությունը, ուստի դրա դուրս գալ-չգալուց կազմակերպությունը չի տուժի.  «Ղազախստանը, ինչպես եւ Հայաստանը, Ուկրաինայի հետ ընդհանուր սահման չունի, հետեւաբար ապրանքաշրջանառությունը որոշ չափով կնվազի, սակայն բանն այն է, որ մեզ մոտ աստիճանաբար զարգանում է տեղական արտադրությունը, ուկրաինական ապրանքները փոխարինվում են հայրենականներով», - նշել է Բայթուքը:

Նա հավելել է, որ Համագործակցություննն ավելի շատ ամրացված է ինտեգրացիոն միություններով, ինչպես օրինակ Մաքսային միությունը, ՀԱՊԿ-ը, ապագա Եվրասիական միությունը, որոնց Ուկրաինան չէր մասնակցում:

«Այդ պատճառով ԱՊՀ-իս Ուկրաինայի դուրս գալու կամ մնալու տագնապ ստեղծելով ոչինչ չի փոխվի»,- ամփոփել է Գալիմ Բայթուքը:

Հիշեցնենք, մարտի 19-ին Ուկրաինան վայր է դրել ԱՊՀ-ում այս տարի նախագահողի իր լիազորությունները` համապատասխան նոտա հղելով ԱՊՀ գործադիր կոմիտեին:

Ընթացակարգի համաձայն՝ ԱՊՀ-ում մինչեւ 2014թ. վերջը նախագահողի  գործառույթը  ստանձնել են Բելառուսն ու Ղազախստանը: ԱՊՀ-ում Ուկրաինայի մշտական ներկայացուցիչ Իվան Բունեչկոն հայտնել է, որ ԱՊՀ-ից դուրս գալու օրինագիծն արդեն մտել է Գերագույն ռադա, բայց առայժմ դա միայն մտադրություն է: