Սիրիայի հետ սահմանակից Թուրքիայի Ուրֆա նահանգի Ջեյլանփընարի շրջանում արտակարգ դրություն է հայտարարվել եւ 30 օր արգելվել ցանկացած տեսակի ակցիաներն ու հավաքները։

Firat գործակալության փոխանցմամբ՝ Ուրֆայի Ջեյլանփընարի շրջանում 755 ձայնով հաղթել է իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության թեկնածու Մենդերես Աթիլան, սակայն գործող քաղաքապետ եւ քաղաքապետի թեկնածու, քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության անդամ Իսմաիլ Արսլանը պնդել է, թե իրենք բազմաթիվ ապացույցներ ունեն, որ մի շարք ընտրախախտումներ են տեղի ունեցել։

Ընտրախախտումների դեմ բողոքի դուրս եկած քաղաքացիների դեմ ոստիկանությունը խիստ միջոցներ է ձեռնարկել՝ նրանց դեմ օգտագործելով արցունքաբեր գազ, եւ ջրցան մեքենաներ։ Նշվում է, որ ոստիկանության հետ միասին քաղաքացիների դեմ հարձակումներ են գործել Սիրիայում Ասադի դեմ կռվող եւ այս պահին Թուրքիայում գտնվող «Ալ-Կաիդայի» զինյալները։

Բողոքի գործողությունների դեմ Ջեյլանփընարի քայմաքամը արտակարգ դրություն է մտցրել եւ արգելել 30 օր որեւէ ակցիա կամ հավաք իրականացնել։