Թուրքիայի մարտի 30-ի ՏԻՄ ընտրություններից հետո իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությանը հանգիստ չի տալիս այն փաստը, որ արեւելյան Աղրը նահանգի Աղրը քաղաքապետ է ընտրվել քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության թեկնածուն։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Աղրըում դրամատիկ ընտրություններից հետո, երբ հայտնի է դարձել, որ հաղթել է քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության թեկնածուն, իշխող կուսակցության պահանջով արդեն 13 անգամ հաշվել են քվեաթերթիկները, սակայն հաղթողը մնացել է անփոփոխ։

Քրդական կուսակցության հաղթած թեկնածու Սըրրը Սաքըքը Twitter-ի իր էջում կոչ է արել իշխանություններին հարգել Աղրըի քաղաքացիների կատարած ընտրությունը եւ չընկնել արկածախնդրությունների հետեւից։

Նշենք, որ ոչ պաշտոնական տվյալներով Սըրրը Սաքըքը հաղթել է 10 ձայնի առավելությամբ։