Ֆրանսիայի նախագահի նախկին թեկնածու, նախագահ Ֆրանսուա Օլանդի նախկին քաղաքացիական կին Սեգոլեն Ռուայալը բնապահպանության, կայուն զարգացման եւ էներգետիկայի  նախարար է նշանակվել, լրագրողներին հայտնել է Ելիսեյան պալատի գլխավոր քարտուղար Պիեռ Ռենե Լեման:

Նախագահ Ֆրանսուա Օլանդը մարտի 31-ին ՏԻՄ ընտրություններում իշխող սոցիալական կուսակցության պարտությունից հետո  որոշել է կառավարությունում փոխատեղումներ կատարել եւ նոր կառավարության ձեւավորումը հանձնարարել է 51-ամյա Մանյուել Վալսին, որը նախգինում ՆԳ նախարարն էր, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Ֆրանսիայի նոր կառավարությունում 16 նախարար կա: Կառավարության կազմը հայտարարել է Ելիսեյան պալատը, այն երկրի պատմության մեջ ամենասակավաթիվն է: Վարչապետ Մանյուել Վալսի նոր կառավարությունում արտգործնախարարը մնացել է Լորան Ֆաբիուսը: Իր պաշտոնում է մնացել նաեւ պաշտպանության նախարար Ժան Իվ Լե Դրիանը:

Իսկ Ֆրանսուա Օլանդի մտերիմ, նախկին նախարար-պատվիրակ Բեռնար Կազնյովը այժմ դարձել է ներքին գործերի նախարար, որը նախկինում  նոր վարչապետ Մանյուել Վալսն էր:

Զգալի փոփոխություններ են կատարվել նաեւ տնտեսական հատվածում՝ ֆինանսների նախարար է դարձել Միշել Սապենը: Արտադրության բարձրացման նախկին նախարար Առնո Մոնտեբուրը նոր կառավարությունում դարձել է էկոնոմիկայի նախարար: