Երեւանի Ավան եւ Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում մարտի 24-ին «Հարսնաքարի» գործով դատավճռի հրապարակումից հետո դատարանի դահլիճում ամբաստանյալների հարազատների դրսեւորած վարքագծի եւ գործողությունների վերաբերյալ  նյութեր են նախապատրաստվում: NEWS.am-ի թղթակցին Հայաստանի Գլխավոր դատախազության հանրային կապերի վարչությունից հայտնեցին, որ ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի դեպքի առթիվ մարտի 24-ին Երեւանի Ավան եւ Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում «Հարսնաքարի» գործով դատավճռի հրապարակումից հետո դատարանի դահլիճում ամբաստանյալների հարազատների դրսեւորած վարքագծի եւ գործողությունների վերաբերյալ հանձնարարել է նյութեր նախապատրաստել: Ի դեպ, ՀՀ քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածը սահմանում է այն դեպքերը, երբ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը ենթակա է քրեական պատասխանատվության:

Հիշեցնենք, որ մարտի 27-ին, կառավարության նիստից հետո պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչ քայլեր է ձեռնարկելու դատախազությունը «Հարսնաքարի» գործով դատավճռի հրապարակումից հետո ամբաստանյալների հարազատների կողմից հնչեցված հայհոյանքների ու վիրավորանքների կապակցությամբ, ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը նշել էր, որ «դատական նիստի արձանագրությանը ծանոթանալուց հետո գնահատականներ կտրվեն՝ արդյոք մենք խոսում ենք քրեաիրավական դրսեւորումների մասին, թե ոչ»:

Նշենք, որ մարտի 24-ին «Հարսնաքարի» գործով բոլոր վեց մեղադրյալներին առաջին ատյանի դատարանը դատապարտեց 12-ական տարվա ազատազրկման եւ 100 000-ական դրամ տուգանքի։ Մինչ դատավորը կարդում էր վճիռը, ամբաստանյալների հարազատները անիծում էին նրան, իսկ դատավճիռը լսելուց հետո սկսեցին հայհոյել, վիրավորել ու անիծել դատավորին, Վահե Ավետյանի իրավահաջորդի փաստաբան Տիգրան Եգորյանին եւ լրագրողներին։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր 2012թ. հունիսի 17-ին, ժամը 23:00-ի սահմաններում, այդ ժամանակ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» համալիրում դաժանորեն ծեծի էին ենթարկվել մի քանի ռազմական բժիշկներ: Նրանցից մեկը՝ Վահե Ավետյանը, հունիսի 29-ին վախճանվել էր հիվանդանոցում՝ առանց գիտակցության գալու: Հարուցված քրգործի շրջանակում մեղադրանք էր առաջադրվել 6 մարդու՝ Արման Խաչատրյանին, Նորայր Հայրապետյանին, Գարիկ Մարգարյանին, Արման Բաղդասարյանին, Դավիթ Ադամյանին եւ Արթուր Բաբլոյանին, որոնց թվում են նաեւ Ռուբեն Հայրապետյանի թիկնապահները: