Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության առաջին տարելիցին, այսօր՝ ապրիլի 2-ին, նրա հարազատներն ու համագյուղացիները գերեզման այցելելուց հետո փակել են Երեւան-Գյումրի ավտոմայրուղին՝ պահանջելով, որպեսզի իրենց հետ հանդիպեն ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը եւ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը ու բացատրեն, թե ինչու մեկ տարի անց չի բացահայտվել իրենց նախկին գյուղապետի սպանությունը։
«Առավոտյան հավաքվել էինք գյուղապետարանի առջեւ։ Հետո գնացինք պանթեոն ու իջանք միանգամից ճանապարհը փակենք»,- NEWS.am-ին ասաց Հրաչ Մուրադյանի որդին՝ Գեւորգ Մուրադյանը։
Մոտ 300 պռոշյանցիներ ճանապարհը փակել են մեծ քարերով եւ վարորդներին կոչ են արել միանալ իրենց՝ հայտարարելով, որ չեն հեռանա, մինչեւ չգան դատախազն ու ոստիկանապետը, սակայն որոշ ժամանակ անց բացել են ճանապարհը՝ տեղեկանալով, որ պաշտոնյաները Տավուշի մարզում են։
«Ակցիան հետաձգել ենք, բայց էլի ենք փակելու ճանապարհը, մինչեւ ոստիկանպետն ու դատախազը չգան։ Հավանաբար մյուս շաբաթվա սկզբին նորից կհավաքվենք»,- ասաց Գեւորգ Մուրադյանը։
Հիշեցնենք, որ Պռոշյանի 50-ամյա գյուղապետ, ՀՅԴ կուսակցության անդամ Հրաչ Մուրադյանը սպանվել էր 2013թ. ապրիլի 2-ին` գյուղապետարանի շենքի մոտ: Սպանության գործով կալանավորվել էր նույն գյուղի բնակիչ Արայիկ Պետրոսյանը։ Նախկին գյուղապետի ընկերները, հարազատներն ու համագյուղացիները կարծում են, որ իրական մարդասպանն ու սպանության պատվիրատուն ազատության մեջ են։
Այս ընթացքում Արայիկի Պետրոսյանի հարազատները բողոքի բազմաթիվ ակցիաներ են կազմակերպել, դիմել ոստիկանապետին և գլխավոր դատախազին` հայտնելով, որ նա որևէ առնչություն չունի հանցագործության հետ և ապօրինի է պահվում անազատության մեջ։ 2013թ. դեկտեմբերի 25-ին Արայիկին առաջադրված խափանման միջոց կալանավորումը փոխվել է չհեռանալու մասին ստորագրության, սակայն նրա նկատմամբ քրեական հետապնդումը չի դադարեցվել:



























