Շոկային վիճակում եմ, կարծես ապրիլմեկյան կատակ լինի ու դրա շարունակությունը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Շանթ Հարությունյանի հետ նոյեմբերի 5-ից կալանավորված եւ ապրիլի 1-ին ազատ արձակված Միսակ Առաքելյանը:
«Լրիվ շոկային վիճակ է, ապրիլմեկյան կատակ ու դրա շարունակությունը, թվում է, թե հետ եմ գնալու: Բերդում են ինձ ասել, որ ազատ եմ արձակվելու, մինչեւ հիմա չեմ հավատում, որ տանն եմ»,- նշեց նա:
Գիտեր, որ ինչ-որ մի օր իրեն բաց կթողնեն, բայց չգիտեր, որ դա հիմա կլինի: Ազատության մեջ հայտնվելու համար նա նախեւառաջ շնորհակալ է փաստաբանին՝ Հովհաննես Քոչարյանին, հետո՝ իրեն: «Չեմ կարողանում կենտրոնանալ, շոկի մեջ եմ այն առումով, որ ես տունն եմ, իսկ ընկերներս՝ այնտեղ, չեմ իմանում՝ ինչի իրենց պահեցին, ինձ բաց թողեցին: Իրենք պարտավոր են բոլորին բաց թողնելու»,- նշեց նա:
Միսակ Առաքելյանն ասաց, որ ազատ արձակվելուց հետո առաջնահերթ գնացել է մորը տեսակցության, իսկ ամենաշատը կարոտել էր դստերը:
«Դեռ չգիտեմ՝ ինչ եմ ուզում անել, ուզում եմ հետ գնալ բերդ»,- նշեց նա: Ազատության առաջին ժամերին նա հասցրել է հանդիպել իր հետ ազատազրկվածներից մեկի կնոջը, ինչպես նաեւ տեսակցել է իր հարազատներին, այժմ հյուրեր է ընդունում:
Անդրադառնալով մոտ 5 ամիս անազատության մեջ մնալուն՝ նա նշեց, որ ամենադժվարը ճիշտ տեղեկատվության բացակայությունն էր, իսկ մնացած զրկանքները երկրորդական էին: Շատ էր կարոտում նաեւ ընտանիքի անդամներին, հազարատներին, ընկերներին: Իսկ թե ինչպես նրան նոյեմբերի 5-ին Մաշտոցի պողոտայից բերման ենթարկեցին, Միսակ Առաքելյանն ասաց, որ տանելուց չեն ասում՝ ուր են տանում, ուղղակի տանում են: «Շատ ահավոր էր, դա մեկնաբանման ենթակա չէ, այդ պահը պետք է ապրես, որ զգաս: Բնական է, որ շոկի մեջ էի, բնական է, որ ցանկացած մեկին, ում ձերբակալում են, մեծ ուրախությամբ չի գնում»,- նշեց նա:
Այժմ նա փորձում է համակերպվել ընտանիքին, առողջական խնդիրներ ունի, պետք է դիմի բժշկի, այնուհետեւ մտածի, թե ինչ անել:
Միսակ Առաքելյանը փականագործ է, ունի թերի բարձրագույն կրթություն, իր խոսքով՝ աշխատանքի խնդիր չի ունենա, եթե մի տեղ չընդունեն, երկրորդ տեղը կգտնի:
Ինչ վերաբերում է քաղաքացիական ակտվիությանը եւ ակցիաներին մասնակցելուն, Միսակ Առաքելյանն ասաց, որ առաջին հերթին պայքարելու է իր ընկերներին ազատ արձակելու համար, եղել եւ լինելու է Շանթ Հարությունյանի կողքին. «Որտեղ Շանթն է, այնտեղ Առաքելյան Միսակն է եւ մնացած տղաները»,-նշեց նա: Հնարավոր է քաղաքական ուժերի հանրահավաքիներին չմասնակցի, քանի որ դրանք իր համար երկրորդական են:
Հիշեցնենք, որ Շանթ Հարությունյանի հետ նոյեմբերի 5-ին անազատության մեջ գտնվող Միսակ Առաքելյանն ապրիլի 1-ին ազատ է արձակվել: «Խափանման միջոց կալանքը փոխվել է եւ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Հենց դատարանից Միսակն ազատ արձակվեց եւ գնաց տուն՝ Մասիս»,- ասել էր փաստաբան Հովհաննես Քոչարյանը: Միսակ Առաքելյանի նկատմամբ փոխվել է նաեւ առաջադրված մեղադրանքը: Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանություն): Միսակ Առաքելյանն ամուսնացած է, ունի երկու անչափահաս երեխա:



























