Սահմանադրական դատարանն ամբողջովին բավարարեց խորհրդարանական չորս ոչ կոալիցիոն ուժերի ներկայացրած դիմումը։ Այս մասին այսօր՝ ապրիլի 2-ին, «Կուտակային կենսաթոշակի մասին» ՀՀ օրենքի վիճարկվող դրույթները հակասահմանադրական ճանաչող ՍԴ որոշման հրապարակումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց հայցվոր կողմը ներկայացնող իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը:

«Ընդհանրապես Սահմանադրական դատարանը 60-ից ավելի օրենքներ հակասահմանադրական է ճանաչել, սակայն այս մեկն ուրիշ էր, որովհետեւ հասարակական մեծ հնչեղություն ուներ: Առաջին անգամ է, որ հասարակական մեծ հնչեղություն ունեցող գործն այսպիսի մեծ ծավալով ուսումնասիրվում, ու հայցը բավարարվում է: Ամեն դեպքում դատական համակարգը պետք է ազատ լինի եւ անակնկալ չլինի, որ փոքրամասնությունը հաղթում է»,- ասաց Զեյնալյանը:

Սահմանադրական դատարանի առջեւ հավաքված «Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնության անդամները կարմիր կակաչներ նվիրեցին հայցվոր կողմի փաստաբան Մերի Խաչատրյանին՝ շնորհակալություն հայտնելով կատարած աշխատանքի համար:

Մերի Խաչատրյանն էլ լրագրողների հետ զրույցում հստակ ընդգծեց, որ պետությունը պարտավոր է վերադարձնել հունվարի 1-ից հետո քաղաքացիների աշխատավարձերից հարկադրաբար պահված 5% գումարները. «Վերահաշվարկ է կատարվելու, պահված գումարները վերադարձվելու են, դա միանշանակ է, դատարան դիմելու կարիք չի լինի, որովհետեւ Սահմանադրական դատարանի որոշումը Հայաստանի թիվ մեկ սահմանադրությունն է եւ պարտադիր ենթակա է կատարման»:

Նշենք, որ ՍԴ-ն մինչեւ սեպտեմբերի 30-ը ժամանակ է տվել խորհրդարանին եւ կառավարությանը՝ վիճահարույց օրենքի հակասահմանադրական ճանաչված դրույթները փոփոխության ենթարկելու համար: Մինչեւ այդ կատարված պարտադիր կենսաթոշակային բոլոր վճարումները պետք է վերանայվեն: Որոշումն ուժի մեջ է մտել հրապարակման պահից: