Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ապրիլի 1-ին ընդունել է ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի անդամներին:
ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե հանդիպման ընթացքում քննարկվել են զինված ուժերի հանդեպ հանրային վստահության ամրապնդման, զորակոչի գործընթացում արդարության եւ օրինականության սկզբունքների արմատավորման, զինծառայողների սոցիալ-իրավական երաշխիքների ապահովման, զինված ուժերում հոգեբանական ծառայության զարգացման եւ դաստիարակչական աշխատանքների կատարելագործման, կադրային քաղաքականության հարցեր եւ այլ խնդիրներ:
ՀՀ պաշտպանության նախարարը նշել է ներկա փուլում պաշտպանական քաղաքականության եւ զինված ուժերի զարգացման առանցքային խնդիրները, ընդգծել է Հասարակական խորհրդի դերը հասարակական կարծիքի եւ խնդրահարույց հարցերի անաչառ ներկայացման, լուծումների առաջարկման, բանակի-հասարակության շփումների ու համագործակցության ընդլայնման, զինված ուժերի նկատմամբ հասարակական վերահսկողության իրականացման առումով:
Հասարակական խորհրդի անդամներն ընդգծել են պաշտպանության նախարարության տեղեկատվական քաղաքականության մեջ կատարված դրական փոփոխությունները` թափանցիկության եւ օպերատիվության աստիճանի բարձրացումը, ինչը նպաստում է զինված ուժերի հանդեպ հանրային վստահության ամրապնդմանը:
Համակողմանի անդրադարձ է կատարվել զորակոչի գործընթացին: Խորհուրդն իր զորակցությունն է հայտնել գործընթացի որակական բարելավմանն ուղղված համալիր միջոցառումներին, կոռուպցիոն երեւույթների բացառման նպատակով իրականացվող գործուն եւ վճռական քայլերին, ընդգծվել են նախքան զորակոչը զորակոչիկների պատվաստումների եւ ծառայության բաշխումը վիճակահանությամբ կատարելու որոշումների կարեւորությունը եւ այլն:
Խորհրդի անդամների կողմից առաջարկներ են ներկայացվել զինված ուժերում իրականացվող հոգեբանական աշխատանքների բարելավման, վիճակահանության գործընթացի նկատմամբ հասարակական վերահսկողության սահմանման, զինծառայողների ընտանիքների սոցիալական ապահովման եւ այլ հարցերի վերաբերյալ:
Հանդիպման ավարտին ՀՀ պաշտպանության նախարարը կարեւորել է հասարակական խորհրդի անդամների հետ պարբերական հանդիպումները եւ առաջիկայում դրանք շարունակելու պատրաստակամություն է հայտնել: Ներկայացված առաջարկների ուղղությամբ Սեյրան Օհանյանը տվել է համապատասխան ցուցումներ եւ հանձնարարականներ:



























