Կառավարության առաջիկա նիստի ժամանակ պետք է քննարկվի կուտակային կենսաթոշակային նոր օրենքից «պարտադիր» բաղադրիչը հանելու հարցը: Այս մասին այսօր՝ ապրիլի 2-ին, «Կուտակային կենսաթոշակի մասին» ՀՀ օրենքի վիճարկվող դրույթները հակասահմանադրական ճանաչող ՍԴ որոշման հրապարակումից հետո հրավիրված ասուլիսից ասաց դիմող կողմի փաստաբան Մերի Խաչատրյանը:
«Այս հինգշաբթի կառավարությունը պետք է հենց քննի պարտադիր բաղադրիչը հանելու հարցը»,- ասաց նա:
Հայցվոր կողմ, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն էլ իր հերթին ավելացրեց. «Թե պատգամավորները, թե քաղաքացիական նախաձեռնություններն իրենց առաջարկությունները կանեն, սակայն այս պահին մեր բոլորի նպատակն է արգելել ցանկացած հակաիրավական գործառույթ եւ օրենքից «պարտադիր» բաղադրիչի կասեցում, որն էլ կառավարության առաջիկա նիստի ժամանակ հենց առաջին այս հարցը պետք է քննարկվի»:
Անդրադառնալով ՍԴ որոշմանը՝ պատգամավորը նշեց, որ «այնպես չէ, որ ամեն ինչ հրաշալի է, չնայած որ այսօր հաջողություն են արձանագրել»:
«Դիմում եմ քաղաքական մեծամասնությանը, որ երկրում հնարավորություն կա մթնոլորտը դեպի դրական փոխելու համար, Սահմանադրական դատարանը տվել է այդ հնարավորությունը, օգտվեք դրանից»:
Հրավիրված ասուլիսին Արծվիկ Մինասյանը հրաժարվեց պատասխանել քաղաքական հարցերի՝ ընդգծելով, որ ինքը հայցվոր կողմ է, ոչ թե պատգամավոր:
Ավարտին դիմող կողմը մեկ անգամ եւս շնորհավորեց հասարակությանը հաղթանակի համար:
Նշենք, որ ապրիլի 2-ին Սահմանադրական դատարանը հակասահմանադրական ճանաչեց օրենքը: Մինչեւ սեպտեմբերի 30-ը ՍԴ-ն ժամանակ է տվել խորհրդարանին եւ կառավարությանը՝ վիճահարույց օրենքի հակասահմանադրական ճանաչված դրույթները փոփոխության ենթարկելու համար: Մինչեւ այդ կատարված պարտադիր կենսաթոշակային բոլոր վճարումները պետք է վերանայվեն: Որոշումն ուժի մեջ է մտել հրապարակման պահից:



























