Եթե Պետական եկամուտների կոմիտեն կամ Կենտրոնական բանկը շարունակեն պահումներ անել եւ չկատարել Սահմանադրական դատարանի կայացրած որոշումը, ապա ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն ու իր գործընկերները պատրաստվում են առանձին հայցերով դիմել դատարան:
«Մեր առաջին քայլն այն պետք է լինի, որ կառավարությունից պահանջենք, որ էլեկտրոնային հաշվետվություններից հանվեն «պարտադիր»-ի սանդղակը: Իսկ եթե այդ օղակները խախտեն ՍԴ որոշումը, մենք առանձին կդիմենք դատարան: Բացի դրանից կառավարությանն ու իշխանության առանձին ներկայացուցիչների խորհուրդ եմ տալիս չփորձել Սահմանադրական դատարանի որոշումը ներկայացնել այլ կերպ»,- այս մասին այսօր՝ ապրիլի 2-ին, «Կուտակային կենսաթոշակի մասին» ՀՀ օրենքի վիճարկվող դրույթները հակասահմանադրական ճանաչող ՍԴ որոշման հրապարակումից հետո հայցվոր կողմի հրավիրված ասուլիսին ասաց ՀՅԴ-ական պատգամավորը:
Մինասյանի խոսքով՝ եթե քաղաքացիներից պահված գումարները որոշակի ժամկետում չվերադարձվեն, ապա այդ գումարներին տոկոս է ավելանում՝ ըստ Քաղաքացիական օրենսգրքի:
Լրագրողների հարցին, թե սպասվող կուտակային կենսաթոշակային նոր օրենքում ինչ փոփոխություններ են լինելու՝ Արծվիկ Մինասյանն ընդգծեց, որ նոր օրենքում «շատ բան» չի լինելու. «Դրույքաչափի վերանայում հաստատ լինելու, իսկ 76-րդ հոդվածը նույնպես ենթակա է վերանայման: Բացի դրանից տարիքային սահմանափակումը նույնպես պետք է վերանայվի: Այսօր խոսել արագընթաց նոր մոդելի մասին դեռ վաղ է»:
Նշենք, որ ապրիլի 2-ին Սահմանադրական դատարանը հակասահմանադրական ճանաչեց օրենքը: Մինչեւ սեպտեմբերի 30-ը ՍԴ-ն ժամանակ է տվել խորհրդարանին եւ կառավարությանը՝ վիճահարույց օրենքի հակասահմանադրական ճանաչված դրույթները փոփոխության ենթարկելու համար: Մինչեւ այդ կատարված պարտադիր կենսաթոշակային բոլոր վճարումները պետք է վերանայվեն: Որոշումն ուժի մեջ է մտել հրապարակման պահից:



























