Պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը այսօր ապրիլի 2-ին՝ Արաբկիր եւ Քանաքեռ Զեյթուն ընդհանուր իրավասության դատարանում հայտարարեց, որ իրեն լավ չի զգում, քանի որ մինչեւ դատարան գալը իրեն 3 ժամ սպասեցրել են քրեակատարողական հիմնարկի ցուրտ խցում, եւ ինքն  ի վիճակի չէ շարունակել ներկա գտնվել դատական նիստին:

«Հիմնական խցից ինձ իջեցրել են սպասողական խուց, 3 ժամ պահել են ինձ այնտեղ, 0-ական ջերմաստիճանի տակ, մինչեւ մեքենան եկել է»,-ասաց Վոլոդյա Ավետիսյանը։

Դատավոր Լեւոն Ավետիսյանը նկատեց, որ ամբաստանյալի տեսքից չի երեւում, թե նա իրեն վատ է զգում, եւ միգուցե ընդմիջումից հետո կկարողանան շարունակել նիստը նրա մասնակցությամբ, քանի որ գործով երկու վկաներ են ներկայացել, որոնք հնարավոր է՝ հաջորդ դատական նիստին չներկայանան:

Փաստաբանի հետ խորհրդակցելուց հետո Վոլոդյա Ավետիսյանն ասաց, որ ինքը չի ցանկանում այսօր շարունակել դատական նիստը, չի ցանկանում, որ բժշկի հրավիրեն, քանի որ ինքը քրեակատարողական հիմնարկում մի անգամ ասել է, որ բժիշկ կանչեն, սակայն 16 օր հետո են կանչել:

Մինչեւ այդ փաստաբան Արա Զաքարյանը մեղադրողին բացարկ հայտնելու միջնորդություն էր ներկայացրել դատարանին՝ միջնորդությունը հիմնավորելով նրանով, որ Վոլոդյա Ավետիսյանի գործով թույլ են  տրվել քրեադատավարական օրենսգրքի խախտումներ, կամայականորեն խախտվել են պաշտպանական կողմի իրավունքները, եւ մեղադրողը ուղղակի կամ անուղղակի շահագրգռվածություն ոունի գործում: 

Պաշտպանի ելույթից հետո դահլիճում գտնվող ազատամարտիկները ծափահարեցին,  դատավորը նկատողություն արեց առաջինը ծափահարած ազատամարտիկին՝ ասելով, որ դահիճից դուրս գնա, կամ ներողություն խնդրի դատարանից:

«Ես իմ հորից կյանքում ներողություն չի խնդրել, ուր մնաց դատարանից»,- ասաց ազատամարտիկն ու հեռացավ դահլիճից:

Գյումրիից դատին մասնակցելու եկած ազատամարտիկ Յուրա Աթոյանն էլ արձագանքեց. «Ըբը ի՞նչըղ արտահայտենք մեր ուրախությունը»:

Մեղադրողը հայտարարեց, որ պատպանի ներկայացրած բացարկի միջնորդությունն անհիմն է եւ ենթակա է մերժման:

Դատավորը գնաց խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու: Մինչ նա կվերադառնար, նիստերի դահլիճ բերեցին Վոլոդյա Ավետիսյանին, որը ձեռքերը վերև բարձացրեց եւ ոգեւորեց ազատամարտիկ ընկերներին. «Դուխով,դուխով, վախեցած չի կարելի ապրել, ամեն ինչը մարդու համար է, կյանք է: Ընկնում ես, պիտի կանգնես, պայքարես հանուն արդարության հանուն պետության»:

Դատավորը մերժեց պաշտպանի միջնորդությունը:

Փաստաբան Արա Զաքարյանը եւս մեկ միջնորդություն ներկայացրեց, որ դատարանը ներկայացնի Սահմանադրական կարգի պահպանման եւ ահաբեկչության դեմ պայքարի գլխավոր վարչության կողմից Վոլոդյա Ավետիսյանի հանդեպ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք բերված նյութերը: Փաստաբանի խոսքով՝ քրեական գործում չկան այն հիմքերը, թե ինչու այդ վարչությունը պետք է սկսեր նման միջոցառումներ իրականացնել:

Դատավորը հետաձգեց այդ միջնորդության քննարկումը՝ «մինչեւ որոշակի հանգամանքների ի հայտ գալը»։ Դատական նիստը դատավորը հետաձգեց Վոլոդյա Ավետիսյանի վատառողջ լինելու պատճառով։ Հաջորդ դատական նիստը տեղի կունենա  ապրիլի 16-ին:

Դատական նիստին այսօր ներկա էին մեծ թվով ազատամարտիկներ, Վոլոդյա Ավետիսյանի հարազատները, նրանց մի մասը ոտքի վրա կանգնած էին հետեւում նիստին, իսկ դատարանի առջեւ նրանք տեղադրել էին պաստառ, որի վրա Վոլոդյա Ավետիսյանի կողքին գրված էր. «Ռեժիմ ես հայ եմ, սպանիր ինձ»:

Հիշեցնենք, որ Վոլոդյա Ավետիսյանը ձերբակալվել է սեպտեմբերի 20-ին խարդախության կասկածանքով: Վոլոդյա Ավետիսյանը ըստ մեղադրական եզրակացության, հանդիսանալով պահեստազորի գնդապետ,խարդախությամբ հափշտակություն կատարելու ուղղակի դիտավորությամբ,կաշառք ստանալու պատրվակով, չարաշահելով իր՝ որպես նախկին զինվորական ծառայողի նկատմամբ Երևան քաղաքի բնակիչ Ալբերտ Ալեքսանդրի Մաթոսյանի մոտ ձևավորված վստահությունը և դիմելով խաբեության,թե զինվորական բարձրաստիճան պաշտոնատար անձանց միջոցով կարող է կարգավորել ԼՂՀ պաշտպանության բանակի թիվ N զորամասում ժամկետային զինվորական ծառայության նշանակված Ալբերտ Մաթոսյանի որդի Արթուր Մաթոսյանին նույն զորամասում համակարգչային օպերատոր նշանակելու հարցը,սակայն չունենալով նման պայմանավորվածություն, 2013թ.հուլիսի 29-ին ժամը 14:00-ի սահմաններում Երևան քաղաքի Թումանյան 54 հասցեում գտնվող Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային թատրոնի հարակից Ազատության հրապարակի տարածքում Ալբերտ Մաթոսյանից պահանջել է դրա դիմաց իրեն տրամադրել զգալի չափերի՝ 205.150 ՀՀ դրամին համարժեք 500 ԱՄՆ դոլար գումար,սակայն Ալբերտ Մաթոսյանը հրաժարվել է օգտվել Վոլոդյա Ավետիսյանի ծառայությունից, որի պատճառով վերջինս իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի կարողացել հասցնել:

Վոլոդյա Ավետիսյանն իրեն մեղավոր չի ճանաչում։ Նա եւ իր մարտական ընկերները պնդում են, որ սա քաղաքական հետապնդում է, որի պատճառը պահեստազորի գնդապետի հասարակական գործունեությունն է. հիշեցնենք, որ Վոլոդյա Ավետիսյանն էր ղեկավարում անցած տարի սկսված՝ ազատամարտիկների սոցիալական վիճակի բարելավում պահանջող բողոքի արշավը։

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am