Մենք իրավական պետություն ենք եւ ՍԴ-ի ցանկացած որոշում՝ անկախ նրանից, թե ինչ բնույթ ունի, բոլոր կողմերը պարտավոր են հետեւել, որովհետեւ դատական համակարգի վերին ատյանը ՍԴ-ն է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը:
Պաշտոնյանների հրաժարականների ցանկեր հրապարակելը նա տեղին չի համարում եւ չի ցանկանում մեկնաբանել: Հովհաննես Սահակյանը նկատեց, որ երբ ձեւավորվեց «Դեմ եմ» շարժումը, դրա ամբողջ գործընթացը փորձեցին քաղաքականացնել եւ պարզ է, որ ոչ իշխանական 4 ուժերը այս ընթացքում փորձում են օգտվել «Դեմ եմ» շարժման ռեսուրսներից, բայց ակտիվիստները, ի պատիվ նաեւ իրենց, թույլ չտվեցին: «Հիմա սկսվել է իրենցով անելու գործընթացը, ցանկեր կգրեն, կասեն այ տեսեք, ապրիլի 28-ին կառավարության հրաժարականը ներկայացնելիս այս գործընթացը ծառայեցնել իրենց գործընթացներին: Խորհուրդ կտայի, որ չզարմանաք առաջիկայում նման ցուցակների, գիտնականների դեմքով ու տեսքով, աչքերի արտահայտությամբ ելույթներից: Վստահ եմ, որ իրենք գիտեն, գիտակցում են եւ հոգու խորքում գնահատում են, որ մենք ունենք այդ կամքը, մենք իրավական պետություն ենք եւ դատարանն է որոշում սահմանադրական է, թե ոչ, եւ այդ ճանապարհով գնացինք՝ առանց խոչընդոտելու: 4 ոչ իշխանական ուժերը ամեն կերպ փորձելու են քաղաքականացնել այս որոշումը, իրենց շահերի համար օգտագործել, քանի որ ժողովուրդը այլեւս նրանց չի վստահում: Մենք տեսանք, որ քաղաքացիական այս ակտիվիստների ետեւից ավելի շատ ժողովուրդ է գնում, քան թե այս 4 քաղաքական ուժերին իրար հետ գումարած»,- ասաց պատգամավորը:
ՀՀԿ խմբակցության քարտուղարը չի ցանկանում այս որոշումը համարել որեւէ կողմի հաղթանակը կամ պարտությունը, «կար խնդիր, որը բարձրաձայնեցին, հետեւողական եղան եւ ՍԴ-ն որոշեց, իսկ ՍԴ-ի վրա որեւէ մեկը ճնշում չգործադրեց»: «Ինչպես իրենք էին ասում՝ այսօրվա իշխանությունները չեն թողնի, որ ՍԴ-ն նորմալ որոշում կայացնի: Իրենք էլ համոզվեցին եւ հոգու խորքում գիտեին, որ այսօրվա իշխանությունները ունեն այդ կամքը, որ այսօր մեր երկիրը դրսեւորվի որպես իրավական պետությունը, ինչի ամենավառ օրինակը ՍԴ-ի այսօրվա որոշումն է: Այստեղ անսխալական,քաջատեղյակ, լավատեղյակներ չպետք է փնտրել»,- ասաց նա:
Անդրադառնալով ՍԴ-ի որոշմանը՝ Հովհաննես Սահակյանն ասաց, որ սա ծավալուն, բազմաշերտ որոշում է, պետք է ուսումնասիրել եւ նոր հայտարարությամբ հանդես գալ, թե ինչ քայլեր անենք, որ ՍԴ-ի բարձրացրած խնդիրները կարողանանք լուծել: «Ժամեր առաջ հրապարակված որոշումը լուրջ ուսումնասիրության կարիք ունի, հետո նոր կարելի է տալ այդ հարցադրումների պատասխանը:
Պետք չէ սխալներ գտնել, պետք է ավելի ուշիմ լինել, հետեւել դատարանի որոշմանը եւ փոփոխություններ իրականացրել»,-ասաց նա:
Նշենք, որ Հայաստանի Սահմանադրական դատարանն այսօր՝ ապրիլի 2-ին, Սահմանադրությանը հակասող եւ անվավեր է ճանաչել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի մի ամբողջ շարք հոդվածներ, որոնց վերաբերյալ հայց էին ներայացրել դատարան: Մասնավորապես չեղյալ է հայտարարվել օրենքի պարտադիր բաղադրիչը:
Հիշեցնենք, որ Հայաստանում այս տարվա հունվարի 1-ից ներդրվել էր պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը: Այն ենթադրում է, որ 1974թ հունվարի մեկից հետո ծնված քաղաքացիներրի աշխատավարձերից պարտադիր կերպով մասնավոր ֆոնդերում պահվելու է 5 տոկոսը, եւս հինգ տոկոս վճարելու է պետությունը: Նշենք, որ օրենքը դժգոհություն է առաջացրել քաղաքացիական հասարակության շրջանում՝ սկիզբ տալով «Դեմ եմ» շարժմանը: Նոր օրենքին դեմ են նաեւ խորհրդարանական ոչ կոալիցիոն չորս ուժերը՝ հավաստիացնելով, որ պարտադիր բաղադրիչը հաասահմանադրական բնույթ կրում:



























