«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի «պարտադիր» բաղադրիչը վիճարկելու նախաձեռնությունը տապալած 53 պատգամավորներին պետք է անհապաղ զրկել պատգամավորական մանդատից: Այս մասին հայտարարություն է տարածել ՝ «Մեր քաղաքը» հանրային-քաղաքացիական նախաձեռնությունը՝ «Ընդդեմ կենսաթոշակային 5% պարտադիր վճարի» խմբի տասնյակ քաղաքացիների անունից:

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.

«Հայաստանի Սահմանադրական դատարանը ժամեր առաջ ավարտեց «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 5, 7, 8, 37, 38, 45, 49 եւ 86-րդ հոդվածների վերաբերյալ դատական նիստը եւ հրապարակեց 64 էջից բաղկացած վճիռ՝ անվավեր ճանաչելով կուտակայինի մասին օրենքը։

Մենք ողջունում ենք այս հարցում քաղաքացիական եւ քաղաքական ուժերի միասնական պայքարը՝ ի բարօրություն հայ հասարակության եւ շնորհավորում մասնավորապես «Դ!եմ եմ» շարժման ակտիվիստներին եւ ՀՀ ազատ քաղաքացիներին՝ նշանակալի հաղթանակի առթիվ։

Միաժամանակ գտնում ենք, որ ամենաթողության եւ օրենսդիր մարմնի մեծամասնության անպատասխանատու վարքն ու գործունեությունը ենթակա չեն ո՛չ բարոյական, ոչ էլ իրավական արդարացումների։ ՀՀ Ազգային ժողովը որոշների համար դարձել է մի փորձադաշտ, որտեղ նրանք ամենաանպատասխանատու ձեւով խաղում են հայ ժողովրդի ներկայի եւ ապագա սերունդների ճակատագրի հետ։

ՍԴ հրապարակված վճիռը անուղղակիորեն փաստում է, որ կուտակայինի խայտառակ անգրագետ օրենքի հեղինակներն ու կողմնակիցները կոմպետենտ չեն ՀՀ քաղաքացիների շահերը ԱԺ ամբիոնից ներկայացնելու եւ օրենսդիր մարմնի գործառույթ իրականացնելու համար։ Նրանք չեն տիրապետում ՀՀ Սահմանադրությանն ու օրենքներին, որպեսզի ի զորու լինեին կայացնել գրագետ որոշում եւ չքվեարկել հակաիրավական, հակասոցիալական եւ հակասահմանադրական նախագծի օգտին։

Ավելին, կուտակայինի մասին օրենքին կողմ քվեարկած պատգամավորները ուղղակի վնաս են հասցնում ՀՀ քաղաքացիներին եւ Հայաստանի Հանրապետության զարգացմանը, իսկ ՀՀ Ազգային ժողովում նրանց ներկայացված լինելը քաղաքացիներին շարունակ ստիպելու է ծախսել սեփական ժամանակն ու ռեսուրսները այդ անգրագետ եւ ոչ կոմպետենտ կադրերի «օրենսդիր» գործունեության հետեւանքները վերացնելու համար։

Հիմնվելով գերագույն դատարանի վճռի եւ ՀՀ քաղաքացիների ազատ կամարտահայտումը պաշտպանող սահմանադրական եւ իրավական դրույթների վրա, ինչպես նաեւ չցանկանալով շարունակաբար լինել մի քանի տասնյակ «օրենսդիրների» անպատասխանատու գործողություններից գոյացած պայթյունավտանգ իրավիճակը մեղմող հրշեջների դերում՝ մենք պահանջում ենք «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքին կողմ արտահայտված եւ օրենքի «պարտադիր» բաղադրիչը վիճարկելու նախաձեռնությունը տապալած 53 պատգամավորներին անհապաղ զրկել պատգամավորական մանդատից»: