Երկու շաբաթ առաջ Շիրակի մարզի Սպանդարյան համայնքում խոզերի զանգվածային անկումը ոչ ինֆեկցիայի, ոչ էլ թունավորման հետեւանք չի եղել։ Հարություն Ստեփանյանին պատկանող 4 մայր խոզերի եւ 48 խոճկորների մանրէաբանական եւ քիմիաթունաբանական հետազոտությունները կենդանիների մոտ ոչ ինֆեկցիոն հիվանդություն են հայտնաբերել, ոչ էլ թունանյութի առկայություն։ Այս մասին NEWS.am-ին ասաց ՀՀ գյուղնախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի Շիրակի մարզային կենտրոնի պետ Գնել Մանուկյանը:
Նրա խոսքով՝ անկման պատճառը, ամենայն հավանականությամբ, 37 օրական խոճկորներին մոր կաթից կտրելն է եղել:
«Անասնատերը խոճկորների սատկելուց երկու շաբաթ առաջ հարկադիր սպանդի է ենթարկել մայր անասունին, տերն ասում է՝ ոտքը կոտրվել էր, դրա համար մորթել են։ Շատ հնարավոր է, որ մոր կաթից կտրելուց հետո խոճկորներին սկսել են ինչ-որ բանով կերակրել, երեւի այդտեղ է խնդիր առաջացել»,- ասաց Գնել Մանուկյանը:
Խոզերի տերը, սակայն, չի վստահում հետազոտության արդյունքներին։ Հարություն Ստեփանյանի կարծիքով՝ իր խոճկորների անկման պատճառը հարեւան շնապանն է, որը Եղվարդից սատկած խոճկորների մարմիններ է բերել ու կերակրել շներին։
«Եթե կողքիս հարեւանը Եղվարդից սատկած գոճիների միսն ու օրգանները չբերեր իրա շներին կերակրելու համար էս դեպքը չէր եղնի, ով գիտե՝ էդ սատկած գոճիները ինչով են վարակված եղել, ես մինչեւ վերջ բողոքելու եմ, չի կարող պատահի, որ իմ 52 գլուխ անասունը էդպես մեկից սատկեին»,- NEWS.am-ին ասաց Հարություն Ստեփանյանը:
Ստեփանյանների հաշվարկով, իրենք 2.5 միլիոն դրամի վնաս են կրել եւ կանգ չեն առնելու այնքան ժամանակ, մինչեւ չպարզեն անկման իրական պատճառը:



























