Հրաչյա Քոչար-27 հասցեում այսօր՝ ապրիլի 2-ին, ինքնահրկիզման փորձ կատարած 43-ամյա Արտեմ Մարտիրոսյանը ստացել է 3-4-րդ աստիճանի այրվածք, որոնք կազմում են մոտ 30 տոկոս։ Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին «Ճառագայթային բժշկության եւ այրվածքաբանության» կենտրոնից։
Նրա առողջական վիճակը ծանր է, այրվածքներ է ստացել գլխի, ձեռքերի, շնչուղիների հատվածում։ Այժմ բժիշկները փորձում են նրան հանել շոկային վիճակից։
«Ռեակցիա տալիս է, կոնտակտի մեջ մտնում է, բայց գրգռված վիճակ է եւ չենք կարող ասել, որ լիարժեք գիտակցությունը տեղն է։ Նախեւառաջ, մեր խնդիրն է նրան շոկից հանելը»,- հայտնեցին կենտրոնից։
Բենզինով ինքնահրկիզման փորձ կատարած տղամարդը բժիշկներին չի հայտնել, թե որն էր այդ քայլին դիմելու պատճառը։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հրաչյա Քոչար 27 հասցեում այսօր՝ ապրիլի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. Մի քաղաքացի ինքնահրկիզվել է: Դեպքի վայր հասած շտապօգնության աշխատակիցները նրան տեղափոխել են «Ճառագայթային բժշկության եւ այրվածքաբանական կենտրոն»: Պարզվել է, որ տղամարդը 43-ամյա Արտեմ Մարտիրոսյանն է, ով այդ պահին եղել է ալկոհոլի ազդեցության տակ: Այս պահին հիվանդանոց է ժամանել նրա կինը:



























